Ինդոնեզիայի Մուխ անունով 31-ամյա բնակիչը Facebook սոցիալական ցանցում հանդիպել է Միտա անունով մի աղջկա: Նրանց միջև սկսվել է նամակագրություն, այնուհետև հանդիպել են: Մուխը սիրահարվել է առաջին հայացքից՝ Միտային համարելով «գեղեցիկ և նազելի»: Նրան հանդիպելուց շուրջ մեկ ամիս անց Մուխն ամուսնության առաջարկ է արել, որն անմիջապես ընդունվել է: Ավանդաբար փեսացուի ծնողները Միտայի համար տեղի չափանիշներով մեծ գումար են վճարել՝ 20 միլիոն ռուփի (մոտ 1430 դոլար):
Զույգի հարսանիքը տեղի է ունեցել հունիսի 2-ին: 25-ամյա Միտան արարողության ժամանակ դեմքը քողով ծածկած է եղել, բայց հյուրերը նրան շատ են հավանել: Ոչ ոք ոչինչ չի կասկածել:
Հարսանեկան առաջին գիշերը երիտասարդ կինը հրաժարվել է կատարել իր ամուսնական պարտականությունները: Մուխը առանձնապես չի մտահոգվել՝ համարելով, որ դա սովորական բան է, և որ աղջկական ամաչկոտությունն է խոսում իր սիրելիի մեջ: Սակայն, երբ դա կրկնվել է երկրորդ, այնուհետև՝ երրորդ անգամ, տղամարդը զգացել է, որ ինչ-որ բան այն չէ: Միտան այդ ժամանակ փախել է տնից: Մուխը, փորձելով վերադարձնել կնոջը, սկսել է հարցումներ անել և, պարզելով նրա հասցեն՝ հայտնաբերել է, որ տանը գրանցված է միայն Միտ անունով մի տղամարդ: Հետագա քննությամբ պարզվել է, որ Միտը և Միտան նույն մարդն են:
Ըստ Indozone-ի՝ Մուխի սիրտը կոտրվել է: Նա դիմել է ամուսնալուծության համար և բողոքել ոստիկանություն: Կեղծ կինը ձերբակալվել է:
Մուխի և Միտայի եռօրյա ամուսնությունը նահանգի պատմության մեջ ամենակարճն է եղել: