Կանադա-ամերիկացի բիզնես մագնատ, ներդրող, ճարտարագետ և գյուտարար Իլոն Մասկն ու նրա կինը՝ երգչուհի Գրայմսը, փոխել են իրենց երեխայի արտասովոր անունը՝ Կալիֆոռնիա նահանգի օրինական պահանջներին բավարարելու համար: Սակայն անգամ այս պարագայում երեխայի անունն ավելի պարզ չի դարձել:

 

Նորածնի անունը X Æ A-12 է: Սակայն, ինչպես ինքը՝ Գրայմսը, իր ինստագրամյան էջում պատմել է, Կալիֆոռնիայում չի թույլատրվում մարդկանց անունների մեջ օգտագործել թվեր կամ այլ նշաններ, այլ միայն անգլերեն այբուբենի տառեր, գծեր և ապաթարցներ: Այդ իսկ պատճառով ծնողները որոշել են 12 թիվը գրել հռոմեական թվերով, և արդյունքում ստացվել է հետևյալը՝ X Æ A-Xii:

Սակայն երգչուհին ոչ մի բացատրություն չի տվել Æ նշանի վերաբերյալ: Հնարավոր է՝ Մասկն ու Գրայմսը ևս մեկ անգամ ստիպված լինեն բոլոր փաստաթղթերում փոխել իրենց երեխայի անունը:

Ավելի վաղ երգչուհին ասել էր, թե ինչ է նշանակում իրենց որդու անունը. «X՝ անհայտ փոփոխական, Æ` էլֆերեն նշանակում է սեր կամ արհեստական բանականություն, A-12` հարձակվող ինքնաթիռ»: Բացի դրանից՝ A տառը նաև խորհրդանշում է Գրայմսի սիրելի երգը՝ «Արխանգել»:

Իլոն Մասկը Ջո Ռոգանի շոուի ընթացքում բացատրել է, թե ինչպես է հարկավոր արտաբերել որդու անունը՝ Էքս Էշ Էյ Թուելվ: