Ռուս հայտնի դերասան Դմիտրի Խառատյանը պատմել է, որ կորոնավիրուսի հավարակն իր մտերիմների ու ծանոթների կողքով չի անցել։ Նրա խոսքով՝ իր հարազատներն ու ծանոթները ծանր հիվանդացել են։
«Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում Ռուսաստանի ժողովրդական արտիստն ընդգծել է, որ COVID-19-ի հետ կապված իրավիճակն ապացուցում է, որ «դժբախտությունը բոլորի համար մեկն է»։ Խառատյանի խոսքով՝ եթե նոր տիպի կորոնավիրուսային վարակով հիվանդանում են պետությունների առաջին դեմքերը եւ աշխարհի ամենահարուստ մարդիկ, հասկանալի է դառնում, որ նույնիսկ նրանք իրենց բոլոր հնարավորությունների դեպքում ի վիճակի չեն հաղթահարել այդ իրավիճակը։
«Վերջերս մահացել է իմ կնոջ՝ Մարինայի հայրը. նա մեկ ամիս անց 85 տարեկան կդառնար։ Կորոնավիրուսի թեստը բացասական էր, սակայն նա հիվանդանոցում է եղել պնեւմոնիայով, եւ այնտեղ այն ավելի է զարգացել։ Նա 5-6 օր միացված է եղել թոքերի արհեստական օդափոխության ապարատին եւ չի դիմացել»,- հայտարարել է Խարատյանը։
Դերասանը խոստովանել է, որ առողջական խնդիրներ ունի նաեւ իր 84-ամյա հայրը։ Նրա մոտ թոքաբորբ է ախտորոշվել, COVID-19-ի թեստը եւս բացասական է, պարզաբանել է Խառատյանը։