92 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան ու կատակերգու Ջերի Սթիլերը, որը հայտնի է «Սայնֆելդ» եւ «Քվինսի արքան» սերիալներում կատարած դերերով։ Այդ մասին հայտնել է արտիստի որդին՝ դերասան Բեն Սթիլերը։
«Տխրությամբ հայտնում եմ, որ հայրս՝ Ջերի Սթիլերը, հեռացել է կյանքից։ Հիանալի հայր ու պապիկ, Աննայի լավագույն ամուսինը մոտ 62 տարվա ընթացքում։ Նրա կարիքը շատ կզգացվի։ Սիրում եմ քեզ, հայրիկ»,- Twitter-ում գրել է նա՝ չնշելով մահվան պատճառը։
Ջերի Սթիլերը ծնվել է 1927թ.-ին Բրուքլինում։ Կյանքի մեծ մասն աշխատել է կնոջ՝ Աննա Միրայի հետ դուետում։ Նրանք ծանոթացել են 1950-ական թվականներին եւ միասին են եղել մինչեւ Միրայի մահը 2015թ.-ին։ Նրա ամենհայտնի դերը Ֆրենկ Կոնստանցի կերպարն էր «Սայնֆելդ» սերիալում։ Նրա երեխաները՝ Բեն եւ Էմմի Սթիլերները, եւս հայտնի կատակերգական դերասաններ են դարձել։