ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Վանկուվեր քաղաքից 27-ամյա Անջելա Պրիմաչենկոն երեխային ծնել է, երբ COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայից բուժվելու ժամանակ արհեստական կոմայի մեջ էր:
Ինչպես հայտնում է The Mirror պարբերականը, հղի Անջելայի մոտ կորոնավիրուսով վարակվելուց հետո բարձրացել է ջերմությունը, իսկ մարտի 24-ին թեստը դրական արդյունք է ցույց տվել: Ախտանիշներն 8 օրում ուժեղացել են, նրան հոսպիտալացրել են եւ դրել արհեստական կոմայի մեջ:
Երբ նրան միացրել են թոքերի արհեստական օդափոխման սարքին, նա հղիության 33-րդ շաբաթում էր: Նրա երեխան ծնվել է կոմայի վիճակում անցկացրած ժամանակ:
«Երբ կոմայի վիճակից դուրս եկա, այլեւս մեծ փոր չունեի: Դա խելահեղություն էր»,- ասել է կինը:
Շաբաթ՝ ապրիլի 11-ին, նրան հիվանդանոցից դուրս են գրել: Երբ Անջելային դուրս են բերել վերակենդանացման բաժանմունքից, բժիշկները ելքի մոտ շարք են կանգնել եւ ծափահարել են:
Մինչեւ հիմա Անջելան չի գրկել նորածին դստերը՝ Ավային: Նա երեխային չի կարող տեսնել այնքան ժամանակ, մինչեւ կորոնավիրուսի թեստը բացասական արդյունք չունենա: Աղջիկը դեռեւս վերակենդանացման բաժանմունքում է, նրա մոտ կորոնավիրուսային ինֆեկցիա չի հայտնաբերվել: