Աշխարհի ամենամաքուր ջրային տարածքում լողալն անհնար է, քանի որ այն գտնվում է Անտարկտիդայում և անվանվել է ծովը հայտնագործող Ուեդդելի պատվին: Ուեդդելի ծովի ջրի ջերմաստիճանը տատանվում է -1,5-ից մինչև 2 աստիճան Ցելսիուսի սահմաններում: Օդի ջերմաստիճանը հազվադեպ է հասնում 0 աստիճան Ցելսիուսի, իսկ ձմռանը երբեք չի բարձրանում -30-ից, այդ իսկ պատճառով այն հիմնականում ամբողջապես պատված է սառույցով, հետևաբար լողալ այնտեղ հնարավոր չէ: Ավելի քան 100 տարի շարունակ մարդկությանը չի հաջողվել ուսումնասիրել այն դաժան կլիմայական պայմանների պատճառով, որը տեղորոշումն անհնար է դարձնում:
1823 թ. Ջոն Ուեդդելն իր արշավախմբի հետ հայտնաբերեց մեծ ջրային ավազան, որին տվեց Մեծ Բրիտանիայի արքա Գևորգ IV-ի անունը: Սակայն ավելի ուշ ծովն անվանեցին հենց Ուեդդելի պատվին: Միայն երեք արշավանքներից հետո՝ կատարված 1902, 1910, 1915 թթ., մարդիկ կարողացան որոշակի տեղեկություններ հավաքել ծովի մասին:
1950-ական թվականներից սկսվեց Անտարկտիդայի ակտիվ ուսումնասիրությունը տեղորոշման ժամանակակից միջոցների և ստորջրյա տարածքների հայտնաբերման օգնությամբ, սառույցի վրա լողացող նավերի և կայանների ստեղծմամբ: Գիտնականներին հաջողվեց գտնել ծովի սահմանները, համակարգել ջերմաստիճանի ռեժիմը: Արդեն XX դարի վերջին նրանք կատարեցին սենսացիոն բացահայտում:
Կատարված առաջին ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ ծովի ջրի թափանցիկության խորությունը կազմում է 79 մ: Տեսական գիտության մեջ հայտնի է, որ թորած ջրի թափանցիկության խորությունը 80 մ է: Ցուցանիշների տարբերությունը չնչին է, ինչն էլ վկայում է այն մասին, որ Ուեդդելի ծովի ջուրը մոտ է թորած ջրին:
Անտարկտիկայի ֆլորայի և ֆաունայի մեծ մասը կազմում են կրիոպելագիկ օրգանիզմները, որոնք ունակ են ապրելու և վերարտադրվելու բևեռային կլիմայական պայմաններում: Նման օրգանիզմների թվում են ձկները, խեցգետինները, ջրիմուռները, սնկերը, բակտերիաները, մերոպլանկտոնները: