Բնակչությունը մեծացնելու նպատակով Խորվաթիայի Լեգրադ քաղաքում տներն ու հողատարածքները վաճառվում են մեկ խորվաթական կունով (մոտ 0,15 դոլար): Այս մասին գրում է bne IntelliNews-ը՝ հղում անելով Hrvatska radiotelevizija-ին:
Ներկայում Լեգրադում ապրում է ընդամենը 2,241 մարդ, իսկ երկիրը դեմոգրաֆիկ անկում է ապրում (սկսվեց այն բանից հետո, երբ 2013-ին Խորվաթիան անդամակցեց ԵՄ-ին): Հետևաբար, երկրի իշխանություններն ապավինում են օտարերկրյա աշխատողներին՝ հատկապես զբոսաշրջության և շինարարության ոլորտներում:
Գործարքը կնքվում է պայմանով, որ գնորդը 40 տարեկանից ցածր է: Նա նաև պետք է 15 տարի ապրի Լեգրադում: Փոխարենը տեղական իշխանությունները սուբսիդավորում են անշարժ գույքի գնումը մինչև 35 հազար խորվաթական կունի չափով (մոտ 2 մլն 360 հազար դրամ) և փոխհատուցում են վերանորոգման ծախսերը մինչև 25 հազար խորվաթական կունի չափով (մոտ 1 մլն 670 հազար դրամ):
«Շրջանում գործազրկության ամենացածր մակարդակը մեզ մոտ է, հաշվի առնելով Կոպրիվնիցա, Լյուդբերգ և Պրոգլոգ խոշոր քաղաքների հարևանությունը: Ըստ էության գործազուրկներ չկան, ուստի նոր աշխատակիցներ ենք փնտրում»,- ասում է Լեգրադի քաղաքապետ Իվան Սաբոլիչը:
Եվրոպայում շատ այլ բնակավայրեր արդեն միացել են ակցիային: Օրինակ՝ 2020 թվականի հունվարի վերջին իտալական Տարանտո քաղաքը հայտարարեց 1 եվրոյով տների վաճառքի մասին: