Կյանքի նոր կանոնները շատերի մոտ անհանգստություն ու վախ են առաջացնում, սակայն կան մարդիկ, որոնք կյանքին այլ կերպ են նայում։ Օրինակ՝ 22-ամյա Քայլի Ջեններն այսօր Instagram-ի Stories բաժնում խոստովանել է, որ իր կյանքում ինքնամեկուսացում արդեն իսկ եղել է, այնպես որ այն հիմա նրա համար սարսափելի չէ։

Kylie Cosmetics ապրանքանիշի հիմնադիրն ու երկուամյա Սթորմիի մայրը հիշել է իր հղիությունը, որը հաջողվել էր ամբողջությամբ թաքցնել աշխարհից։ Գործարար կինն ու իրապատում-շոուի աստղը չէր հաստատում, որ երեխայի է սպասում այնքան ժամանակ, քանի դեռ նրա դուստրը լույս աշխարհ չէր եկել։ Մայր դառնալով՝ Քայլին համացանցում 12 րոպե տեւողությամբ տեսանյութ է հրապարակել Սթորմիին կրելու ինն ամիսների մասին։

«Եվս մեկ հիշեցում սոցիալական մեկուսացման ու ինքնավերահսկողությանը լուրջ վերաբերվելու անհրաժեշտության մասին։ Ես դա անում եմ արդեն ութ օր։ Հղիությունն ինձ պատրաստել է դրան։ Ես մի քանի ամիս դուրս չեմ եկել տնից»,- Instagram-ում նշել է Քայլին։

 

Նրա քույրը՝ 39-ամյա Քիմ Քարդաշյանը, եւս խոստովանել է, որ պահպանում է կարանտինի կանոնները եւ կարոտում է քույրերին, քանի որ բոլորը մեկուսացած եմ միմյանցից։ «Բարդ է, բայց մենք պետք է դա անենք հանուն սեփական եւ յուրաքանչյուրի անվտանգության։ Խնդրում եմ, մի արհամարհեք լուրջ զգուշացումները»,- սոցիալական ցանցում գրել էր Քիմը։