Անգլիական Հիթչին քաղաքից (Հարթֆորդշիր կոմսություն) 22-ամյա Ֆիբի Էլիսը ոչ սովորական վիրահատության է ենթարկվել, որի ժամանակ բժիշկները հեռացրել են նրա երկու ավելորդ կրծքերը:

Ինչպես հայտնում է The Mirror պարբերականը, Ֆիբին 12 տարեկան էր, երբ առաջին անգամ թեւատակին հայտնաբերել է թենիսի գնդակի չափով տարօրինակ ուռուցքը: Երեք տարի հետո աջ թեւատակի խորշում հայտնվել է այդպիսի երկրորդ ուռուցքը: Դաշտանի ժամանակ այս գոյացությունները սկսում էին ցավել:

Կինը մի քանի անգամ դիմել է բժիշկներին, բայց նրանք նույնիսկ ուլտրաձայնային հետազոտություն չեն կատարել: Ֆիբին ցանկանում էր, որ այդ գոյացությունները հեռացնեն, բայց նման վիրահատությունը համարել են կոսմետիկ եւ հրաժարվել են կատարել պետպատվերի շրջանակում:

Ֆիբին իր մարմնից ամաչում էր, ինչը սաստիկ ազդում էր  նրա կյանքի որակի վրա. նա հագնում էր պարկանման մարզաշապիկներ, որ դրանց տակ թաքցնի մարմնի վերին հատվածը, խուսափում էր լողափերից, տղամարդկանց հետ էլ խնդիրներ ուներ:

Ֆիբիի ծնողները որոշել են նրան օգնել վճարովի վիրահատության համար փող կուտակել: Իր ծննդյան 21-րդ տարեդարձի օրը Ֆիբին հերթական նամակն է ստացել անվճար վիրահատություն կատարելու մերժմամբ, բայց քանի որ նա արդեն փող ուներ, դիմել է մասնավոր բժիշկ Աամեր Հանին:

Հանը պացիենտի մոտ ախտորոշել է կրծքագեղձի հավելյալ թեւատակային հյուսվածք եւ այն հեռացնելու վիրահատություն կատարել: Այս շեղումը դրսեւորվում է կանանց 2-6 տոկոսի մոտ եւ իրենից ներկայացնում է կրծքի ու թեւատակի ճարպի լրացուցիչ հյուսվածք, որն ունի սեփական ծորանային համակարգ: Կարելի է ասել, որ գրեթե լիարժեք «ավելորդ» կրծքեր են: Այս գոյացությունների վրա կարող են լինել անգամ պտուկներ, ճիշտ է՝ Ֆիբիի մոտ չկային:

Ավելորդ կրծքագեղձերի հեռացումից հետո Ֆիբիի մոտ մեծ սպիներ են մնացել, բայց նա երջանիկ է, որ հաջողվել է այդ գոյացություններից ազատվել: Նա հիմա իր պատմություհնը պատմում է՝ ցանկանալով համանման գոյացություններ ունեցողներին օգնել իրենց միայնակ չզգալ:

med.news.am