Գերմանիայում սաունա այցելելուց հետո տղամարդուն հրաժարվել են մատուցված ծառայությունների համար կտրոն տրամադրել: Իրավիճակը կարողացել է պարզել միայն դեպքի վայր ժամանած ոստիկանությունը, գրում է Frankfurter Allgemeine Zeitung գերմանական պարբերականը:
Բանն այն է, որ Գերմանիայում 2020 թ.-ի հունվարի 1-ից ցանկացած բիզնես պարտավոր է հաճախորդներին կտրոն տրամադրել վաճառված ապրանքի կամ մատուցված ծառայության համար: Սակայն, երբ տղամարդը հունվարի սկզբին այցելել է սաունա և կտրոն պահանջել, նրան մերժել են: Ավելին, կազմակերպության անվտանգության ծառայությունը նրան վռնդել է հաստատությունից: Նա կտրոնը կարողացել է ստանալ միայն ոստիկանության դեպքի վայր հասնելուց հետո:
Իրավապահ մարմինները նշել են, որ նրանք հստակ չգիտեն, թե ինչ ծառայություններ են մատուցվել տղամարդուն սաունայում, և ինչու է նա այդքան համառորեն կտրոն պահանջում: Պարբերականը նշում է, որ նման հաստատություններում մարմնավաճառներ են աշխատում և էրոտիկ ծառայություններ են մատուցում: Բացի այդ, նման վայրերը հայտնի են նուդիստական երեկույթներով: