Սննդաբան Լիդիա Ազատյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է անցյալ տարվա ամենատարածված միֆերը: Նա մասնավորապես նշել է.

1.  «Առողջ սնունդը/սնվելը թանկ է։

Առողջ սնունդ ասելիս պատկերացնում ենք ավոկադո, բրոկոլի, չիայի սերմեր, կամ գոջիի հատապտուղներ, որոնք գրեթե անհասանելի են թվում։ Բայց եկեք մեկընդմիշտ ֆիքսենք, որ առողջ սնվելը սուպերմթերքներ ուտելը չէ, առողջ սնվելը մթերքների ճիշտ համադրությունն է, վնասակար մթերքների բացառումն է, բալանսն ու բազմազանությունն է։

2. «Մթերք չի մնացել, ամեն ինչ քիմիա է»

Այս միֆը հիմնականում ֆարմինդուստրիան է աճեցնում, կենսակտիվ հավելումների վաճառքը խթանելու համար։ Հիմնականում այս կոնտեքստով՝ «միրգ բանջարեղենի մեջ վիտամիններ չկան, ավելի լավ է խմեք վիտամինային կոմպլեքսներ»։

Շատ լավ էլ ամեն ինչ կա մրգերի և բանջարեղենի մեջ։ Հիշեցում՝ պետք է ուտել օրական 5 բաժին միրգ/բանջարեղեն (1 բաժինը 1 ափի չափով)

3. «Եթե ուզում ես նիհարել, ապա ածխաջրերը քո թշնամիներն են, ոչ մի գրամ հաց, բրինձ կամ կարտոֆիլ»

Իհարկե, ամենևին այդպես չէ, ածխաջրերը մեր էներգիայի հիմնական աղբյուրը պետք է լինեն, մեր սննդակարգի կիլոկալորիաների 45-60%-ը պետք է ստանաք ածխաջրերից։ ԲԱՅՑ այստեղ մի նրբություն կա՝ ածխաջրերի հիմնական աղբյուրը հացահատիկները պետք է լինեն և պարտադիր ԱՄԲՈՂՋԱՀԱՏԻԿ։ Իսկ պարզ/արագ ածխաջրերը (շաքարը) պետք է հասցնել մինիմալի, կամ առհասարակ բացառել նիհարելու ընթացքում։

4. «Մի հատ ԴԻԵՏԱ կպահեմ, արագ կնիհարեմ, հետո կանցնեմ առողջ սննդակարգի ու կպահեմ քաշս»

Սա նույնպես ամենամեծ միֆերից մեկն է, որը պետք է անդադար հերքել։ Փորձը ցույց են տալիս, որ արագ նիհարողների 80 %-ը 1 տարի հետո հետ է բերում իր քաշը, անգամ ավելի կիլոգրամներով։ Հիշեք՝ եթե որոշել եք նիհարել, ապա պետք է զինվել համբերությամբ։ Օրինակ՝ 6 ամսվա ընթացքում քաշի 5-7% կորցնելը կարող է լինել դրական արդյունք, իսկ ամսվա ընթացքում ոչ ավելի, քան քաշի 5-7%-ը։

5. «Կետո դիետայի մասին դիետոլոգները կամ չգիտեն, կամ գիտեն ու մեզանից թաքցնում են, որ չնիհարենք»

Հիշեք` կետո սննդակարգն անառողջ սննդակարգ է, դա հենց «արագ նիհարելու» մեթոդներից է, որից պետք է հրաժարվել։

Անառողջ, կամ սխալ նիհարելը, ավելորդ քաշով ապրելու գլխավոր պատճառներն են»։