Ճապոնիայի Tanaka Kikinzoku ոսկերչական ընկերությունը ներկայացրել է Jinsei game («Կյանքի խաղ») սեղանի խաղը, որը լիովին պատրաստված է թանկարժեք մետաղներից՝ ոսկուց և պլատինից: Այդ մասին հայտնել է Sankei թերթը: Խաղի պատրաստման համար պահանջվել է12,4 կիլոգրամ ոսկի և 4,5 կիլոգրամ պլատին:
Խաղի բոլոր բաղադրիչները՝ ներառյալ ֆիգուրները, շենքերը և ոլորակը, պատրաստված և հղկված են ձեռքով: Արդյունքում դրա արժեքը գնահատվում է 150 միլիոն իեն (1,3 միլիոն դոլար): Ըստ արտադրողների հայտարարության՝ այն դարձել է ամենաթանկ սեղանի խաղն աշխարհում:
Ոսկերչական արվեստի ստեղծագործությունը կարելի է դիտել Կյուսյու հարավարևմտյան կղզու Ֆուկուոկա քաղաքի հյուրանոցներից մեկում ամանորյա տոների շրջանում ընդհուպ մինչև հունվարի 5-ը: Jinsei game-ն ամերիկյան «Կյանքի խաղի» ճապոնական նմանակն է: Սակայն այն ավելի լայն ժամանակամիջոց է ընդգրկում. խաղացողները պետք է իրենց ուղին սկսեն դպրոցից, միայն հետո է նրանց ընտրություն տրամադրվում՝ գնալ համալսարան, թե՞ կարիերա սկսել: Ճապոնիայում այն առաջին անգամ ներկայացվել է 1967 թվականին և այդ ժամանակավանից ի վեր թողարկվել է նաև խաղային կոնսոլներով: