Loganair ավիաընկերության մի քանի ուղևորների դուրս են հրավիրել Լոնդոնից թռչող ինքնաթիռից, չափազանց մեծ քաշի պատճառով, հաղորդում է Independent-ը:
Նախ, LM462 չվերթը հետաձգվել է Հյուսիսային Իռլանդիայի Դերրի քաղաքում եղանակային վատ պայմանների պատճառով, իսկ ինքնաթիռ մտնելուց որոշ ժամանակ անց, անվտանգության նախազգուշական միջոցների հետ կապված, հինգ ուղևորների խնդրել են լքել օդանավը:
«Ես շատ հիասթափված էի Սաութհենդի օդանավակայանում Loganair-ի հետ կապված իրավիճակից: Դերրի իմ թռիչքի ժամանակ օդանավում մոտ 50 ուղևոր կար, և մեզ ասացին, որ ինքնաթիռը չափազանց ծանր է, ուստի հինգ հոգի ստիպված կլինեն լքել այն: Բնականաբար, կամավորներ չկային»,- գրել է Twitter- ում ուղևորներից մեկը՝ լրագրող Բեն Քելին, որը տուն էր ուղևորվում Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ:
Նրա խոսքերով, որպես այլընտրանք, նրանց առաջարկվել է մեկնել Լոնդոնի մեկ այլ օդանավակայան, իսկ այնտեղից թռչել Բելֆաստ, որը Դերիից երկու ժամվա հեռավորության վրա է: Երեք ուղևոր համաձայնել են զիջումների գնալ, իսկ մյուս երկուսին ընտրել են ավիաընկերության աշխատակիցները:
Loganair-ի գործադիր տնօրեն Ջոնաթան Հինքլսը պարզաբանել է, որ եղանակային վատ պայմանները որոշ սահմանափակումներ են առաջացրել և ինքնաթիռն առավելագույն թույլատրելի քաշից ծանր է եղել: