Թաիլանդի Ռատբուրի նահանգում երկու երես ունեցող կատու է ծնվել, հայտնում է bangkokpost.com կայքը:
Պարսկական այս կատվի տերը` 52-ամյա Չաբապրայի Նիլպետը, պատմել է, որ ընտանի կենդանին կարողացել է ինքնուրույն միայն մեկ կատու ծնել: Մնացածին ունենալ չի կարողացել, դրա համար կինը կենդանուն հասցրել է անասնաբուժական կլինիկա:
Այնտեղ կենդանուն կեսարյան հատում են արել և հանել երկու ձագի: Ձագերից մեկը երկու դեմք է ունեցել: Ըստ անասնաբույժի ՝ դա շատ հազվադեպ հանդիպող մուտացիա է համարվում:
Կատուն շնչառական դժվարություններ է ունեցել, ուստի բժիշկը ստիպված է եղել խթանել թոքերի աշխատանքը:
Այժմ երկերեսանի կենդանին ինքնուրույն է շնչում, բայց դեռ չի կարողանում մոր կաթը ծծել, այնպես որ Նիլպետը ներարկիչով է կաթը կերակրում:
«Ես նրա ձախ երեսը «ոսկի» եմ անվանում, աջը՝ «արծաթ»: Ես մեծ հոգատարությամբ կխնամեմ նրան, որպեսզի հնարավորինս երկար ապրի, որովհետև երբեք այդպիսի տարօրինակ կատու չեմ տեսել»,- ասել է կինը: