Ինչպես շատերը՝ դերասանուհի Անուշկա Մարգարյանն էլ մտադիր է այսօր մասնակցել «Սեւ ուրբաթ»-ին եւ կատարել գնումներ, սակայն ինչպես ինքն է նշում՝ նկատել է, որ ի տարբերություն շատ երկրների՝ Հայաստանում այնքան էլ արդյունավետ չի գործում Black Friday ասվածը:
Այս եւ շոփինգին առնչվող այլ թեմաների շուրջ զրուցել ենք դերասանուհու հետ:
Քեզ shopaholik համարո՞ւմ ես:
Ոչ, կարծում եմ դա հիվանդություն է (ծիծաղում է):
Համաձա՞յն ես, որ շոփինգը օգնում է հաղթահարել սթրեսը:
Գուցե, դա մեթոդ է, որն օգնում է շատերին, բայց ինձ երբեւէ չի օգնել:
Վերջին գնումը, որ կատարել ես:
Երեկ՝ «Բուկինիստից», բայց չեմ ասի՝ ինչ:
Ինչի՞ վրա կարող ես անդադար գումար ծախսել:
Անդադար կարող եմ գումար ծախսել նվերներ գնելու համար, շատ եմ սիրում նվերներ գնել:
Քո կատարած ամենաանիմաստ գնումը:
Անիմաստ գնումներ շատ են եղել, որովհետեւ սովորություն ունեմ՝ երբ այդ պահին մի բան հավանում եմ, օրինակ զգեստ, գնում եմ, բայց հետո ընդհանրապես չեմ հագնում (ծիծաղում է):
Քո կատարած ամենաթանկ գնումը:
Ամենաթանկ գնումս նվեր է եղել, էլի չեմ բացահայտի, թե ում համար եւ ինչ: Թող գաղտնիք մնա (ծիծաղում է):
Վերջին շրջանում քո կատարած ամենաէժան գնումը:
Օրացույց՝ 50 դրամով՝ կենդանակերպի նշանով:
Black Friday-ի ժամանակ շոփինգի գնո՞ւմ ես:
Ոչ միշտ, բայց այսօր պատրաստվում եմ գնալ, չնայած՝ չեմ կարծում, որ Հայաստանում դա գործում է. այլ երկրներում այս օրն իրոք զեղչեր լինում են, իսկ մեր երկրում ապրանքն արհեստականորեն թանկացնում են, հետո էժանացնում (ծիծաղում է): Որոշ դեպքերում այդ օրերին, նույնիսկ, ավելի թանկ ես գնում, քան այլ օրերի: Իհարկե, բացառություններ լինում են, որոշ խանութներ, իսկապես, անում են զեղչեր, պարզապես պետք է խելացի գտնվել եւ օգտվել հենց նման խանութներից եւ չխաբվել:
Գնումներ կատարելիս հաշվի առնո՞ւմ ես հագուստի բրենդային լինելը:
Բրենդային ասվածը մի փոքր հարաբերական է, քանի որ շատ բրենդային խանութներ չկան Հայաստանում: Վերջերս նկատել եմ, որ այստեղ միայն մեկ-երկու խանութում եմ կարողանում գնումներ կատարել, քանի որ հաճախ նույն ապրանքն է լինում տարբեր խանութներում: Դրա համար որոշել եմ դրսից պատվիրել հագուստս: Բրենդն այնքան կարեւոր չէ, որքան այն, որ տվյալ հագուստը քեզ սազի եւ հարմարավետ լինի:
Ինչպե՞ս ես կողմնորոշվում` ինչ պետք է գնել. նայում ես պահարանիդ պարունակությանը, թե՞ գնում ես այն, ինչն այդ պահին քեզ դուր է գալիս:
Եղել են դեպքեր, երբ զգացել եմ, որ այն, ինչ ունեմ, նյարդերիս ազդում է ու ցանկացել ամբողջությամբ փոխել պահարանս, բայց լինում է նաեւ, որ մտնում եմ որեւէ խանութ, ինչ-որ բան հավանում, հասկանում եմ, որ իմն է եւ գնում եմ: