Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը հույս ունի, որ արդեն առաջիկա 20 տարում մենք արմատական փոփոխություններ կտեսնենք գլոբալ առողջապահության մեջ: Արդյունքում՝ երկրների մեծ մասում բժիշկների գլխավոր խնդիրը կլինի ոչ թե կյանք փրկելը, այլ դրա որակը բարելավելը, փոխանցում է HighTech+-ը:

Գեյթսը գլխավոր առաջադրանքներից մեկն է համարում թերսնման խնդրի լուծումը: Այսօր այն դառնում է ամեն տարի մինչև 5 տարեկան 2 միլիոնից ավելի երեխաների մահվան պատճառը: Սակայն մոտակա 20 տարիներին մարսողական տրակտի միկրոբիոմի հետազոտությունների շնորհիվ այս թիվը զգալիորեն կկրճատվի:

Գեյթսի խոսքով՝ հյուծվածությամբ տառապող երեխաների մոտ սիմբիոտիկ բակտերիաների համակեցությունը տարբերվում է նրանց առողջ տարեկիցներից: Ըստ 2013 թվականին կատարած հետազոտության՝ այս տարբերությունները դրսևորվում են նույնիսկ գենետիկորեն նույնական երկվորյակների զույգերում, որոնք միևնույն կերակուրն են ուտում:

Լրացուցիչ հետազոտությունները հաստատել են, որ սննդամթերքները և առողջ միկրոբիոմների ձևավորմանն ուղղված բուժման մեթոդները երեխաներին օգնում են յուրացնել ավելի շատ սննդարար նյութեր և խուսափել զարգացման հապաղումից:

Այս դեղամիջոցներն առայժմ թեստավորման վաղ փուլերում են, սակայն Գեյթսը վստահ է, որ հաջողությունը սարերի հետևում չէ: Նրա կարծիքով՝ առողջ միկրոբիոմների ձևավորմանն ուղղված միջոցների հիմնական առավելություններն են էժան լինելը և պատրաստման դյուրությունը: Նա ընդգծում է. «Չնայած միկրոբիոմի հետ կապված խնդիրները թերսնման միակ պատճառը չեն, դրա վրա ազդեցությունը կարող է առավել արդյունավետ լինել»:

med.news.am