Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը նախկին կնոջ՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ տարիներ տեւած և մեծ աղմուկ հանած սկանդալից հետո խուսափում է լրագրողներից։ Նա հազվադեպ հանդիպող հարցազրույց է տվել, որում անսպասելի հայտարարություն է արել․ դերասանը միացել է նախկին կնոջ՝ Տատյանա Վլասովայի հետ։
«Ես ուրախ եմ, որ իմ Տատյանան վերադարձել է, կծերանանք միասին»,- խոստովանել է Արմեն Բորիսովիչը։
83-ամյա դերասանը պատմել է, որ այլևս չի կարողանում գնալ աշխատանքի, ինչպես նախկինում, նա դժվարանում է աստիճաններ բարձրանալ։ Այդուհանդերձ նա շարունակում է մնալ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում, նրա հետ անընդմեջ կապ են հաստատում գործընկերները, որպեսզի քննարկեն այն կամ այն հարցը։ Իսկ մոտ ժամանակներս Ջիգարխանյանը պատրաստվում է անձամբ ներկա գտնվել թատերական պրեմիերաներից մեկին։
Արմեն Բորիսովիչը խոստովանել է նաև, որ իր կյանքում սխալներ է գործել, սակայն այժմ բացարձակ երջանիկ է։ «Եթե հակիրճ․ ինձ համարում եմ երջանիկ մարդ։ Իրականում մենք չգիտենք, թե ինչպիսին է երջանկությունը… լուռ… հնչեղ… Ոչ ոք չգիտի։ Իսկ ես կարծում եմ, որ երջանկությունը ինչ-որ բան հաղթահարելն է։ Երբ ցավն ավարտվում է, դա ամենամեծ երջանկությունն է։ Առանց սխալների չես ապրի։ Սխալվում է յուրաքանչյուրը»,- Ջիգարխանյանին ցիտում է Novostink.net-ը։