Յուրաքանչյուր 40 վայրկյանը մեկ ինքնասպանություն է կատարվում: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ նշելով, որ ամեն տարի ինքնասպանությունների հետեւանքով ավելի շատ մարդ է մահանում, քան պատերազմում:

ԱՀԿ-ի տվյալներով, ինքնասպանության ամենատարածված ձեւերն են՝ կախվելը, թունավորումը եւ կրակոցը։ Կազմակերպությունը կոչ է անում կառավարություններին ինքնասպանությունների պրոֆիլակտիկայի ծրագրեր ընդունել, որպեսզի կարողանան օգնել մարդկանց հաղթահարել սթրեսները եւ նվազեցնել ինքնասպանության միջոցների հասանելիությունը։

Նոր զեկույցի համաձայն, տարեկան ինքնասպանությունից մահանում է 800 000 մարդ։

ԱՄՆ-ում առողջապահության պաշտոնյաները կոչ են անում խստացնել զենքի վերահսկողությունը, որպեսզի սահմանափակվի մահաբեր միջոցների հասանելիությունը, այն դեպքում երբ ԱՀԿ-ի զեկույցում մեջբերվում է պեստիցիդների օգտագործման արգելքը, որոնք մարդիկ օգտագործում են թունավորման համար, որպեսզի 70 տոկոսով կրճատվեն ինքնասպանությունները։

«Ինքնասպանությունը հասարակական առողջապահության գլոբալ խնդիրներից է։ Այն վերաբերում է բոլոր տարիքներին, սեռերին եւ աշխարհի տարածաշրջաններին»,- ասվում է ԱՀԿ-ի զեկույցում։ Դրանից ավելի շատ են մահանում, քան մալարիայից, կաթնագեղձի քաղցկեղից, պատերազմից կամ սպանություններից։

Ինքնասպանությունը 15-29 տարեկան երիտասարդների, ինչպես նաեւ 15-19 տարեկան աղջիկների շրջանում մահվան դեպքերի երկրորդ պատճառն է՝ ճանապարհատրանսպորտային պատահարներից հետո։

Զեկույցում նշվում է, որ հարուստ երկրներում տղամարդիկ երեք անգամ ավելի շատ են ինքնասպան լինոււմ, քան կանայք՝ ի տարբերություն եկամտի միջին եւ ցածր մակարդակ ունեցող երկրների, որտեղ ցուցանիշներն առավել հավասար են։

ԱՀԿ-ն հայտարարել է, որ պեստիցիդներին հասանելիության սահմանափակումը ինքնասպանությունների կրճատման ամենաարդյունավետ միջոցներից է։

ԱՀԿ-ն մատնացույց է արել Շրի Լանկայի հետազոտությունները, որտեղ 1995-2015թթ․ պեստիցիդների արգելքը հասցրել է ինքնասպանությունների թվի 70 տոկոս կրճատմանը եւ մոտ 93 000 կյանքերի փրկմանը։

ԱՄՆ-ում վերջերս կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ 1999-ից ի վեր ինքնասպանությունների մակարդակն աճել է 40 տոկոսով։

 

1in.am