Ուկրաինացի երգչուհի, «Վիա Գրա» խմբի նախկին անդամ Աննա Սեդոկովան ներկայացրել է իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «ЯЖЕМАТЬ» երգի հիման վրա։ Իր նոր աշխատանքով արտիստը որոշել է կոտրել երիտասարդ մայրերի կյանքի մասին բոլոր կարծրատիպերը։ Կադրերում կարելի է պարեր, լիտրերով շամպայն, հնարքներ եւ բազմաթիվ այլ հետաքրքիր բաներ տեսնել։
Տեսահոլովակի սկզբում Աննան կադրում է հայտնվում առանց վարտիքի։ Հոլովակի ընթացքում աստղը մեկը մյուսի ետեւից փոխում է պրովոկացիոն կերպարները. բոդիով զբոսնում է սայլկով, կիսամերկ պարում, մոտոցիկլետով վտանգավոր հնարքներ անում։ Ընդ որում, Սեդոկովան ծաղրում է մայրիկների կենցաղի մասին պատկերացնումները. նստած է խալաթով՝ դեմքին դիմակ քսած։ Տեսահոլովակի ավարտին երգչուհին հեռախոսով խոսում է երեխայի հետ՝ հայտնելով, որ ավարտել է գործերն ու գնում է տուն։
«#ЯЖЕМАТЬ, եւ ես թքած ունեմ ամեն ինչի վրա։ Ուրիշների մտքերի, բարդույթների, թարս հայացքների եւ քննադատության վրա։ Մայր լինել չի նշանակում հրաժարվել քեզանից։ Մայր լինել նշանակում է շարունակել ապրել զարմանալի, հրաշալի կյանքով՝ ավելի մեծ կրքով եւ հազարավոր անգամներ բազմապատկված սիրով»,- Instagram-ի իր էջում այսպես է մեկնաբանել երգչուհին իր նոր աշխատանքի թողարկումը։
«Ես կոչ չեմ անում վարվել ինձ նման։ Ես իմ հոլովակով միայն ասում եմ, որ չի կարելի երեխաների պատճառով խաչ քաշել սեփական կյանքի վրա. նրանց դա կարող է բացարձակ պետք չլինել»,- պատմել է երգչուհին։