Թեմային, որ կանայք հաճախ օրգազմ են ձեւացնում եւ ինչ պատճառներով է այն տեղի ունենում, NEWS.am STYLE-ն արդեն անդրադարձել է: Բայց ինչպե՞ս հասկանալ, որ կինը ձեւացնում է: Այդ մասին կպատմի ԵՊԲՀ-ի սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, ԵՊԲՀ-ի սեքսոպաթոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը:
«Օրգազմի զգացողությունները կանանց մոտ արտասովոր տարատեսակ բնույթ են կրում, դրանց գունապնակն ավելի հարուստ է, քան տղամարդկանց մոտ: Յուրաքանչյուր կին անհատական է եւ օրգազմի ժամանակ միայն իր՝ անկրկնելի զգացողություններն է ապրում: Սակայն գիտնականներին հաջողվել է բացահայտել նախանշաններ, որոնց շնորհիվ հնարավոր է կասկածներ ունենալ օրգազմը կեղծելու վերաբերյալ:
Շնչառությունը
Կնոջ օրգազմի ժամանակ այսպիսի փոփոխություններ են կատարվում. սիրտն ավելի արագ է բաբախում եւ շնչառությունը դառնում է այնպիսին, ինչպես շատ կարճ ժամանակում 100 մետրանոց վազքից հետո: Եթե շնչառությունը հավասար եւ հանգիստ է, ինչպես քնի ժամանակ, օրգազմի հարցում ամեն ինչ կարգին չէ:
Մարմնի շարժումները
Օրգազմ ապրող կինը գրգռվածության գագաթնակետին հաճախ փակում է աչքերը, գլուխը բավական հետ է տանում, թեքում է պարանոցը: Նրա մոտ դեմքի կարմրություն կամ թեթեւակի վարդագույն է ի հայտ գալիս: Բիբերն անընդհատ նեղանում են: Միաժամանակ, կնոջ օրգազմը կարելի է զգալ հեշտոցի մկանների պրկմամբ՝ չնայած այն երկար չի տեւում:
Իսկ եթե օրգազմը բավական ուժեղ է, կնոջ մոտ ոտքերի եւ ձեռքերի ցնցումներ են լինում, հնարավոր է որովայնի ներքեւի հատվածի թրթիռ: Առանց թվարկված նախանշանների կինը, ամենայն հավանականությամբ, ոչ մի առանձնահատուկ բան չի զգում:
Դիրքերը
Բանն այն է, որ թույլ սեռի ներկայացուցիչների 70%-ը, պարզ անատոմիական յուրահատկությունների պատճառով, ունակ չէ օրգազմ զգալ միայն հեշտոցային սեքսի ժամանակ՝ առանց բացառության բոլոր դիրքերով եւ առանց լրացուցիչ գրգռման:
Օրգազմից հետո պահվածքը
Իսկապես օրգազմ ապրած կինը դրա ավարտից անմիջապես հետո չի բարձրանա անկողնուց, քանի որ ֆիզիոլոգիապես նրան անհրաժեշտ է 5-10 րոպե, որպեսզի բառացիորեն ուշքի գա:
Ամփոփելով՝ կարելի է ասել, որ սեռական կյանքում ներդաշնակության հասնելու համար զուգընկերները հարաբերությունները պետք է կառուցեն լիարժեք վստահության վրա: Եթե տղամարդը նվազագույն կասկած ունի, որ կինը օրգազմի իմիտացիա է անում, անպայման անհրաժեշտ է քննարկել այդ: Վստահաբար, կարելի է համատեղ գտնել այդ խնդրի լուծումը: Կարեւորը ցանկությունն է:
Բացի այդ, չնայած ամուսնական երկարատեւ հարաբերություններին, միմյանց նկատմամբ զուգընկերների սեռական հետաքրքրությունը ոչ միայն կարող է չմարել, այլ՝ հակառակը, ուժեղանալ»: