Դերասանուհի, հաղորդավարուհի Նարինե Սուլթանյանը մոտ երեք տարի դադարից հետո կրկին եթեր է վերադարձել ու հեռուստադիտողին ողջունում է “Արմենիա TV”-ի “Նանե” հաղորդման շրջանակում: BRAVO.am-ի հետ զրույցում նա նշել է' շատ էր կարոտել եթերը եւ ուրախ է վարել այնպիսի հաղորդում, որը հետաքրքիր է ու միեւնույն ժամանակ շատ հոգեհարազատ.“Անդրադառնալով կանանց հուզող հարցերին' ինձ համար էլ գտնում եմ շատ հստակ ու սպառիչ պատասխաններ”:

 

Նարինեն ասել է, որ “Նանե”-ն “PM Publishing House”-ի եւ “Արմենիա” հեռուստընկերության համատեղ նախագիծն է, իսկ հաղորդումը վարելու առաջարկը ստացել է տնօրինության կողմից.“Ինձ շատ հաճելի է, որ մեր ստեղծագործական թիմն ընդհանուր գաղափարական մտածողություն ունի: Հեշտ եմ համագործակցում նրանց հետ”:

 

Հաղորդավարուհին նաեւ նշել է, որ նախքան եթեր վերադառնալն էլ եղել են աշխատանքային որոշ առաջարկներ, որոնք մերժել է'ընտանիքի հետ հնարավորինս շատ ժամանակ անցկացնելու նպատակով. “Չէի ընդունում' ելնելով իմ բնույթից. երբ ինչ-որ բան կարեւորում եմ, ամբողջովին տրվում եմ դրան”:

 

BRAVO.am-ը դեռ 2011-ին պատմել էր, որ Նարինե Սուլթանյանի ստեղծագործական դադարը պայմանավորված է մայրանալու փաստով.“Վերջին երեք տարին ամբողջությամբ տրվել էի աղջկաս: Փոքրիկիս ծնունդով շատ բան է փոխվել իմ կյանում: Գուցե առաջին հայացքից ակնառու փոփոխություններ չնկատվեն, բայց իմ ներսում տեղի է ունեցել արժեքների վերագնահատում. նախկինում թվացյալ կարեւոր երեւույթները դարձել են երկրորդական, սկսել եմ գիտակցել իմ ուժը, մայրության ուժը, դարձել եմ ավելի համբերատար”:

 

Մեզ հետ զրույցում հաղորդավարուհի-դերասանուհին վստահեցրել է, որ աշխատանքային դադարի ընթացքում առօրյայում է կիրառել է իր մասնագիտական հմտությունները.“Ստեղծագործական պրոցեսը չի սկսվում եւ ավարտվում միայն բեմի վրա կամ տեսախցիկի առջեւ: Դու կարող ես հետաքրքիր պրոցեսներ կառուցել նաեւ առօրյա մարդկային շփումներում, ընտանիքում, հզոր էներգիա ստանալ երեխայիդ հետ շփումներից, լավ ֆիլմ դիտելիս, լավ երաժշտություն լսելիս: Եվ այս ամենի սինթեզը կարող է հարստացնել քո գունապնակն ու ավելի վառ դարձնել կենսական էմոցիաները: Ես սովորել եմ գնահատել իմ կյանքի արժեքավոր պահերը եւ լիարժեք ապրել իմ բոլոր հույզերը”: