Երգի պետական թատրոնում տեղի ունեցավ Լիլիթ Մռավյանի «Օրագիր» ձայնասկավառակի շնորհանդեսը, ապա համերգային երեկոն:                                          

Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը նշեց պատանի երգչուհին, այս ձայնասկավառակը նրա ստեղծագործական գործունեության առաջին փուլի ամփոփումն էր:      


Լիլիթը երգել սկսել է 7 տարեկանից և առաջին քայլը մեծ բեմում՝ կատարել է 2014թ.-ին՝ Կրեմլի մեծ համերգասրահում՝  “Armenian Music Awards” ամենամյա ազգային-երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ:                                                 Ձայնասկավառակում ներառված է 7 երգ, որոնցից Լիլիթն առանձնացնոմ է «Մայրիկը» և «Հայրիկը»՝ որպես իր ամենասիրելի երգեր. «Այս երգերն ինձ համար յուրահատուկ են, քանի որ նվիրված են ծնողներիս և ամեն անգամ մեծ հուզմունքով եմ դրանք կատարում»,-ասաց նա:

Նշենք, որ Լիլիթ Մռավյանը մասնակցել է "Окно в Европу", "Звездопад талантов", "Золотая нота", "Салют талантов", "Отрытая Европа", "Салют талантов", "Антураж", "Звездопад талантов", "Ярославская мозаика", "Берега надежды", "Шоумир", "Золотая нота", "Международная ОЛИМПИАДА искусств" և այլ միջազգային մրցույթների՝ զբաղեցրել ինչպես առաջին հորիզոնականը, այնպես էլ արժանացել Գրան պրիի:

Հարցին՝ ո՞րն է իր հաջողության գաղտնիքը, Լիլիթը պատասխանեց. «Քանի որ ես մեծ սիրով եմ անում իմ գործը, հավանաբար, հենց դա էլ գնահատվում է հանրության և մասնագետների կողմից: Բայց յուրաքանչյուր հաջողության ամենակարևոր գրավականն աշխատասիրությունն է, առանց որի՝ անհնար է հաջողության հասնել»:                                                          

 

Լիլիթը նկարահանվել է ռեժիսոր Գրիգ Վահրամյանի «Ապրել խաղաղ» երգի տեսահոլովակում նաև շոուբիզնեսյան հայ աստղերի հետ՝ Կարեն Մարգարյանի «Հազար գույներ» տեսահոլովակում:                                                             Նա ունի երեք տեսահոլովակ՝ «Լիլի», «Տիեզերական արագություններ» և «Բարի լույս», որոնցից վերջինը նկարահանվել է Հայաստանում:                                           

Ռուսաստանաբնակ երգչուհին ուրախությամբ նշեց, որ հենց «Բարի լույս» տեսահոլովակն առիթ հանդիսացավ հետագայում որպես հաղորդավար հանդես գալուն. «Երբ նկարահանում էինք իմ «Բարի լույս» տեսահոլովակը, ծանոթացա ռեժիսոր Հրաչյա Մեսրոպյանի հետ, ով ինձ առաջարկեց վարել ATV-ի «Հայելուկ» ճանաչողական-ժամանցային հեռուստանախագիծը: Մեծ սիրով ընդունեցի առաջարկը և սկսեցինք նկարահանել հայկական արմատներ ունեցող տաղանդաշատ երեխաներին և պատանիներին, որոնք բնակվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս և մեծ ձեռքբերումներ ունեն արտերկրում»,-ասաց Լիլիթը:

Անդրադառնալով ապագայի ծրագրերին, երիտասարդ երգչուհին նշեց, որ պատրաստվում է ձայնագրել նոր երգեր, ինչպես նաև նկարահանել տեսահոլովակներ:                                                             

Ավելին՝ քանի որ Լիլիթը նվագում է  ջութակի, դաշնամուրի վրա, ինչպես նաև տիրապետում հարվածային գործիքներից թմբուկին, երգչուհու երաժշտական պրոդյուսեր Ադելինա Գրիգորյանը չբացառեց, որ ապագայում, հնարավոր է՝ հանդիսատեսը Լիլիթին բացահայտի այլ կողմից ևս: