Ամերիկյան հանրահայտ Saturday Night Live հեռուստաշոուն անդրադարձել է այս շաբաթվա թիվ մեկ դեպքին՝ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մահվանը՝ նրա ղեկավարման տարիների ամենահիշարժան պահերն անխնա ծաղրուծանակի ենթարկելով, գրում է Daily Mail-ը։

Երեկոյի շրջանակներում հանրահայտ երգիչ Ջասթին Թիմբերլեյքը նմանակել է ոչ պակաս ճանաչված Էլթոն Ջոնին և երգել նրա արդեն դասական դարձած Candle in the Wind երգը՝ «ի պատիվ» Չավեսի հիշատակի և 15 տարվա նրա քաղաքական գործունեության ամենավառ պահերի, որոնց թվում է նաև ՄԱԿ-ի ամբիոնից ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ- կրտսերին «պարոն Վտանգ և սատանա անվանելը»։

«Եվ թվում է, թե դու քո ողջ կյանքն ապրել ես՝ ինչպես մոմը քամու առաջ»,- երգել է Թիմբերլեյքը, ինչին հետևել է երգչախմբի ծաղրը.«Եթե իհարկե մոմը կարող է 2 ատրճանակ հանել մամուլի ասուլիսի ժամանակ»՝ ակնարկելով այն միջադեպը, երբ Չավեսն իրոք 2 ատրճանակ է հանել գրպանից և վեր բարձրացրել դրանք մամուլի ասուլիսի ընթացքում։

«Դու ունեիր քո սեփական հեռուստատեսային շոուն, որը կոչվում էր «Բարև՛, նախագահ»։ Սակայն այն ընդհանրապես քաղաքականության մասին չէր։ Դրա ընթացքում դու պարում և ռեփ էիր կարդում։ Բացի այդ, դու օգնել ես, որպեսզի քո երկիրը դառնա մարդկանց առևանգման համաշխարհային կենտրոն»,-երգել է Թիմբերլեյքն իր ծաղրական ելույթում։