«Օսկար» մրցանակաբաշխության նախաշեմին Vanity Fair ամսագիրը թողարկել է ավանդական աստղային շապիկը:
Այս տարի ամսագրի շապիկին են հայտնվել Օփրա Ուինֆրին, Ռիզ Ուիզերսպունը, Նիկոլ Քիդմանը, Ջեսիկա Չեսթեյնը, Զենդայան, Գալ Գադոտը, Հարիսոն Ֆորդը, Ռոբերտ Դե Նիրոն, Թոմ Հենքսը, Մայքլ Բ. Ջորդանը, Քլեր Ֆոյը, Մայքլ Շենոնը և ամսագրի գլխավոր խմբագիր Գրեյդոն Քարտերը:
Համացանցում հայտնված ամսագրի լուսանկարները միանգամից քննադատության արժանացան։ Բանն այն է, որ օգտատերերը նկատել են չարաշահված ֆոտոշոփը։
Ռիզ Ուիզերսփունն ու հեռուստահաղրոդավարուհի Օփրա Ուինֆրին ավելորդ վերջույթներով են պատկերված այդ լուսանկարներում։
Օգտատերերը միանգամից սկսել են կատակել լուսանկարների շուրջ, ինչին ի պատասխան դերասանուհի Ռիզ Ուիզերսփունը գրել է․
«Կարծում եմ՝ արդեն բոլորը գիտեն, որ ես երեք ոտք ունեմ։ Հույս ունեմ, դուք ինձ կընդունեք այնպիսին, ինչպիսին կամ»։
«Ես քեզ ընդունում եմ քո երեք ոտքերով։ Ու գիտեմ, որ դու էլ ինձ ես ընդունում երեք ձեռքով»,- պատասխանել է նրան Օփրա Ուինֆրին։
Այս մասին գրում է dailymail.co.uk-ը։