Այսօր աշխարհում նշվում է Կանանց միջազգային օրը կամ Կանանց իրավունքների համար պայքարի միջազգային օրն ու ՄԱԿ-ի միջազգային խաղաղության օրը: 2013 թվականի Կանանց միջազգային օրվա թեման է «Խոստումը խոստում է. գործելու ժամանակն է՝ կանանց հանդեպ բռնություններին վերջ դնելու համար»:

Իր արմատներով այս տոնը գնում է բազում դարեր հետ, երբ կանայք սկսեցին պայքարել հասարակությունում տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ունենալու համար: Հին Հունաստանում Լիսիստրատան, հանուն (Աթենքի ու Սպարտայի միջև) պատերազմի դադարեցման, կազմակերպեց տղամարդկանց դեմ «սեռական գործադուլ»:

Ֆրանսիական հեղափոխության ժամանակ փարիզաբնակ կանայք, հանդես գալով ազատության, հավասարության ու եղբայրության օգտին, երթ կազմակերպեցին Վերսալ՝ պահանջելու համար կանանց շնորհել ընտրական իրավունք:

Կանանց միջազգային օրվա պատմությունը սկսվում է «դատարկ կաթսաների երթից», որը 1857 թվականի մարտի 8-ին կազմակերպել էին նյու յորքյան տեքստիլ բանվորուհիները: Նրանք պահանջում էին բարձրացնել աշխատավարձը, բարելավել աշխատանքային պայմանները և կանանց համար հավասար իրավունքներ: Այդ իրադարձությունը սկսեցին անվանել Կանանց օր:

1908 և 1909 թվականներին Կանանց օրը նշվեց կանացի երթերով ու գործադուլներով, իսկ 1910 թվականին այն տարածվեց ողջ ԱՄՆ-ում: Մի քանի տարի Կանաց միջազգային օրը տարբեր երկրներում նշվում էր տարբեր ժամանակ: Սակայն ՄԱԿ-ը 1975 թվականը հռչակեց Կանանց միջազգային տարի, և սկսեց մարտի 8-ը պաշտոնապես նշել որպես Կանանց միջազգային օր:

1977 թվականի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան պետություններին առաջարկեց, իրենց ավանդություններին ու սովորույթներին համապատասխան, այդ տարվա ցանկացած օր հայտարարել Կանանց իրավունքների պայքարի և ՄԱԿ-ի միջազգային խաղաղության օր: Դրանից հետո Կանանց իրավունքների պայքարի և ՄԱԿ-ի միջազգային խաղաղության օրվան նվիրված միջոցառումները վերագրվեցին մարտի 8-ին: