ՀՀ վաստակավոր արտիստուհի, դերասանուհի Աննա Էլբակյանը սեպտեմբերի 5-ին  նշում էր ծննդյան 54-ամյակը: Life.panorama.am-ը ծննդյան օրվա, կյանքի գլխավոր արժեքների, իր առավելությունների ու թերությունների մասին անկեղծ զրույց է ունեցել դերասանուհու հետ:

 

-Տիկին Էլբակյան, ի՞նչ դեր ունեն տարեդարձները Ձեզ համար: Այդ օրերին շատերը տխրում են, մյուսներն էլ ուրախանում, հետաքրքիր է՝ Դուք ի՞նչ տրամադրություն եք ունենում Ձեր տարեդարձին:


-Այո, ծննդյան օրը կարող ենք և տխրել, և հիպերուրախանալ: Տղայիցս հետո ծննդյանս օրերին միշտ տխրում էի, բայց միևնույն է, հասկանում էի, որ դա էգոիզմի նշան է և մի օր իմ մտերիմներին խոստովանեցի, որ որոշում եմ կայացնում այլևս չտխրել և իմ այդ օրն էլ ծառայեցնել հարազատներիս: Ես չեմ անտեսում ծննդյանս օրը, բայց նաև չեմ ուզում, որ միայն տարվա այդ օրը շատ ուրախ լինենք, ուզում եմ ողջ տարին ուրախ լինենք, ամեն օրն ապրենք այդ օրը ծնվածի նման: Ծննդյանս օրը չեմ սիրում իմ ու մտերիմներիս ուշադրությունը կենտրոնացնել բացառապես ինձ վրա, դա ադեկվատ չեմ համարում, թեև ամբողջ աշխարհն այդ միտումն ունի: Իհարկե, ես ուրախանում եմ, որ տարեդարձս մարդիկ հիշում են, շնորհավորում, բարեմաղթանքներ ասում, բայց ես անգամ իմ հարազատներին տվել եմ ազատություն՝ պարտավորություն չունենալ պարտադիր այդ օրն ինձ շնորհավորել: Ես չեմ ընդունում թիթեռի կյանքին նմանվող մեկ օրյա ուշադրությունը, ինքս էլ ողջ տարին եմ ուշադիր հարազատներիս նկատմամբ. ինձ պետք է հարատևող, ներդաշնակ ու հավատարիմ զգացմունք, թող դա շատ խորը չլինի, բայց լինի հավատարիմ: Ծննդյանս օրը ես իրոք ներքուստ ուրախ եմ, խաղաղ և ազատ, այլ ոչ թե կախված նրանից, թե քանիսն այդ օրը ինձ հիշեցին:

 

-Կինը 50-ից հետո ինչպիսի՞նն է:


-Այս հարցին պատասխանելն ինձ դժվար է, քանի որ շատ շուտ որոշում կայացրի ամեն օր ապրել և հանուն ինչի ապրել. դա եղավ տղայիցս հետո, երբ ընդամենը 37 տարեկան էի: Ես շատ շուտ հասունացա, չապրեցի 40-ը, հետո 50-ը, ներքին հասունությունս շատ շուտ եկավ: Իհարկե, հիմա՝ այս տարիքում, շատ բաներ կան, որոնց հետ բոլորովին չեմ համակերպվում՝ սկսած արտաքինից: Հիմա հայելու մեջ նայելիս՝ ասես ինձ չեմ ճանաչում, ներքին անհամաձայնություն կա այդ առումով իմ մեջ, մյուս կողմից շատ  գնահատում եմ թե ներքին, թե արտաքին հասուն գեղեցկությունը: Կնոջ համար տարիքի հետ շատ ուրիշ գույներ են ի հայտ գալիս, որոնք անասելի գեղեցիկ են, ինչպես աշունը: Տարիքն իր հետ շատ նեգատիվ բաներ է բերում, բայց միևնույն ժամանակ դրա ավելանալու հետ մեկտեղ արժեքների փոփոխություն ես զգում, սկսում ես շատ ավելին գնահատել:

 

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։