Գյումրու «Երեխաների տուն» մանկատան նախկին սան, երգիչ Խորեն Սիմոնյանը, ով այժմ սովորում է Կրակովի պետական համալսարանում, գտել է իր ծնողներին:
Խորենը պատմում է, որ սա իր կյանքի կարևորագույն ձեռքբերումներից մեկն է, որ այսքան տարիներ հետո կարողացել է գտնել ծնողներին, նա նաև քույր և եղբայր ունի:
«Ես բազմիցս իմ հարցազրույցներում նշել եմ, որ շատ կուզենամ գտնել իմ հարազատներին, ծնողներին, կուզենամ ճանաչել նրանց, կուզենամ սիրել նրանց, ես նրանց չեմ դադարել սիրել մանկուց ու ես նրանց գտել եմ, ես նրանց հետ խոսում եմ, մենք շփվում ենք, մենք գրում ենք իրար, մենք իրար տեսնում ենք եւ, ի սկզբանե ասեմ, որ ես ամեն ինչ ներել եմ, չնայած որ մենք դեռ կարևոր հարցերի շուրջ չենք խոսել, գլխավորն այն է, որ ես նրանց դեմ ոչ մի մեղադրանք չունեմ, ինչ եղել է` եղել է, այն կթողնենք անցյալում, մենք մեր կյանքը կսկսենք նորովի, մեր կյանքը կկառուցենք նորովի ու այս անգամ հաստատ իրար բաց չենք թողնի ու կուզենամ ձեզ էլ խնդրել, որ դուք էլ, եթե մեկնաբանություն եք գրում, մեկնաբանություններում լինեք կոռեկտ, կխնդրեմ ոչ մի վիրավորանք չհղել: Անձնական վիրավորանք չհասցնեք, եթե վիրավորեք իրենց` առաջինը ինձ կվիրավորեք: Ես ուղղակի կիսում եմ իմ ուրախությունը ձեզ հետ, քանի որ դուք իմ հարազատն եք, մտերիմն եք դարձել մի քանի ամսվա մեջ»,-ասում է Խորենը և հավելում, որ ոչ ոք ապահովագրված չէ մանկատանը հայտնվելուց, և իր մեծագույն ցանկությունն է, որ ոչ մի երեխա չհայտնվի մանկատանը ու ոչ մի ծնող, թեկուզ կարիքից դրդված՝ չթակի մանկատան դուռը: