Օրերս ՀՀ վաստակավոր արտիստ, ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրոն) իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ հանձն է առել պահպանել հայ երգի կարևորագույն գործառույթը: Հարցազրույցի ընթացքում երգիչն անդրադարձել է այն թեմային, որ ազգային, ժողովրդական երգերը հայկական շոու բիզնեսի շատ ներկայացուցիչներ հաճախ ոչ պատշաճ են ներկայացնում. «Երբ երգը օգտագործվում է անձնական շահերի համար, դա անընդունելի է: Ով չի գիտակցում, նա օգտագործում է երգը՝ «Հիմա ժողովրդական երգերը ընդունված են, դե ես էլ համերգ ունեմ Սփյուռքում, փորձեմ ժամանակակից գործիքավորումներ անել ու երգել»՝ առանց հասկանալու, որ չի կարելի այդպիսի փոփոխություններ անել: Պետք է զգույշ լինել ու ոչ թե երգը ծառայեցնել քեզ, այլ երգին ծառայել: Անընդունելի է, երբ, պորտապարի շորեր հագած, երգում են «Պիտի գնանք վաղ թե ուշ»: Ինչպե՞ս կարելի է Գուսան Հայկազունի այդ հրաշք երգը մուղամաթ դարձնել, նամազ դարձնել»:
Թեև Արսեն Գրիգորյանն իր հարցազրույցում անուններ չի հնչեցրել, սակայն համացանցի օգտատերերի մի ստվար հատվածը միանգամից հասկացել է՝ ում մասին է խոսքը: Հավանաբար, Արսեն Գրիգորյանին հունից հանել է Լիլիթ Հովհաննիսյանի՝ ԱՄՆ-ում տեղի ունեցած մենահամերգի ժամանակ «Պիտի գնանք» գուսանական երգի կատարումը, որի տեսատարբերակը ոչ միանշանակ է ընդունվել օգտատերերի կողմից, և եթե երգչուհու երկրպագուները հիացած էին այս տեսանյութով, ապա հակառակ բանակն էլ քննադատում էր թե՛ Լիլիթի կատարողական մոտեցումը, թե՛ բեմական պահվածքը և թե՛ հագուստը: