Կայացավ 2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը: Սուդանի Նուբա լեռներում աշխատող ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինան դարձավ այս տարվա դափնեկիրը: Միջոցառման ժամանակ հնչեց հայտնի «Արի իմ սոխակ» օրորոցայինը՝ «Ավրորայի» բեմից, հանուն մարդասիրության
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր եւ 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն երկրորդ տարում միացել են մի քանի տասնյակ նվիրատուներ եւ գործընկերներ: Նախաձեռնությունն իր շուրջ է հրավիրում բոլորին, ովքեր ողջունում են նվիրվածությունը մեր համընդհանուր մարդկայնությանը:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ IDeA հիմնադրամ (Երեւան Հայաստան):