Ոսկերչական Alex&Ani զարդերի ապրանքանիշի հիմնադիր, ամերիկահայ գործարար Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է ամերիկյան Working Together ամսագիրի կողմից կազմված «Աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրեր» վարկանիշային ցուցակում: Վարկանիշային աղյուսակում Կարոլին Ռաֆայելյանը 19-րդ հորիզոնականում է:

 

Alex&Ani ապրանքանիշն աշխարհում ամենահայտնի զարդերի ապրանքանիշներից է:

 

Կարոլին Ռաֆայելյանը ծնվել է 1966թ. ԱՄՆ-ում Արևմտյան Հայաստանից հեռացած հայ փախստականների ընտանիքում: Կարոլինի ծնվելու տարին նրա հայրը հիմնել է ոսկերչական ընկերություն ու երկար տարիներ հաջողությամբ զարգացրել բիզնեսը: Նա ծնվել է ոսկերչական բիզնեսի միջավայրում, սակայն ի սկզբանե Կարոլինն աշխատել է Ռոդ-Այլենդի ընտանեկան գործարանում: Դպրոցն ավարտելուց հետո Կարոլինն ընդունվել է Լոս Անջելեսի լավագույն քոլեջներից մեկը (The American College) և այն ավարտելուց հետո լրջորեն զբաղվել հոր բիզնեսի զարգացմամբ: 2004թ. նա որոշում է ստեղծել սեփական ոսկերչական ընկ երությունը և այն անվանում իր աղջիկների անուններով՝ Alex&Ani:

 

Կարոլին Ռաֆայելյանը ստեղծել է եզակի, սակայն ոչ թանկ զարդեր կենդանակերպի նշաններով, որոնք դարձել են նրա բրենդի հիմքը: Արդեն 2010թ. ընկերության զուտ եկամուտը կազմել է 2 մլն դոլար:

 

2015թ. Կարոլինի բիզնեսի տարեկան եկամուտն արդեն կազմում էր 230 մլն դոլար: Նա բացեց ավելի քան 70 սեփական խանութ ողջ երկրում:

 

2016թ. Forbes ամսագիրը նրան ներառեց ինքնուրույն հարստացած կանանց վարկանշային աղյուսակում: Նա զբաղեցրեց 22-րդ հորիզոնականը 700 մլն դոլար կարողությամբ, իսկ նրա ընկերության կապիտալիզացիան Forbes ընկերությունը գնահատեց 1 մլրդ դոլար:

 

Կարոլին Ռաֆայելյանն ակտիվ բարեգործ է: Նա տարբեր ծրագրերի համար հատկացրել է ավելի քան 30 մլն դոլար: Այդ գումարների մի մասը նա նվիրաբերել է «Հայաստան» հիմնադրամին:

 

2015-ից նրա Alex&Ani ընկերությունը սկսել է վաճառել CAMP HAIASTAN թևնոցները, որոնց վաճառքից առաջացած եկամուտն ուղղվում է ԱՄՆ-ում հայ երեխաների համար կրթական ճամբարների կազմակերպմանը:

 

«Աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրեր» վարկանիշային աղյուսակը գլխավորել է Bill & Melinda Gates Foundation բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Մելինդա Գեյթսը՝ Բիլ Գեյթսի կինը: Առաջին հնգյակում ընդգրկվել են ծագումով պաղեստինցի ամերիկացի ակտիվիստ Լինդա Սարասուրը, Save the Children կազմակերպության ղեկավար, դանիացի Հելլե Թորնինգ-Շմիդտը, հայտնի իրավապաշտպան Ամալ Քլունին և երգչուհի Ադելը:

 

Ամսագիրն Ամալ Քլունիի մասին գրում է, որ նա աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության ամենաազդեցիկ իրավաբաններից է: Ամալն, ազատ տիրապետելով արաբերենին և ֆրանսերենին, իր վրա է վերցնում մարդկության դեմ կատարվող հանցագործությունները: Նա Հայոց Ցեղասպանության ճանաչման գործում ներկայացրեց Հայաստանը, և CNN-ով աջակցում էր եզդիների իրավունքների պաշտպանությանն ու կանանց նկատմամբ սեքսուալ բռնությունների պատժմանը: