Իրականում. հիշեցնենք, որ ամիսներ առաջ' 2012-ի ամռանը, խոսակցություններ տարածվեցին, որ «Շարմ» ընկերության փոխտնօրեն, դերասան Հրանտ Թոխատյանն այսուհետև աշխատելու է նաև ԼՂՀ-ում, շատերն էլ արդեն պաշտոնների իրենց վարկածներն էին առաջ քաշում' ի հեճուկս Թոխատյանի լռության: Մինչ ամսագիրը տպագրության հանձնելը փորձեցինք ճշտել Հրանտ Թոխատյանից, թե ինչ եղավ Ղարաբաղում «խոստացված լավ աշխատանքը»: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ մի քանի ամիս է' աշխատում է այնտեղ և անում է այն աշխատանքը, ինչ այստեղ. «Ոչ մի պաշտոն չեմ ստացել. անում եմ այն, ինչ այստեղ' «Շարմ» ընկերությունում եմ անում: Այդքանը»: Թե ինչով էր դերասանն այնտեղ զբաղվելու, պարզ չէր: Փոխարենը' Հրանտ Թոխատյանը նշել էր, որ այնտեղի գործերը զուգահեռաբար տանելու է այստեղի անելիքների հետ: Հիշեցնենք, որ news.am-ը (մայիսի 12, 2012թ.) հղում անելով «Ժողովուրդ» թերթին' գրել էր.
«Թերթի հավաստի տեղեկություններով' դերասան, հեռուստահաղորդավար Հրանտ Թոխատյանը հունիսի 1-ից պատրաստվում է տեղափոխվել Արցախ և բնակություն հաստատել այնտեղ: Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց նաև ինքը' Թոխատյանը' հավելելով. «Ղարաբաղում լավ աշխատանքի առաջարկ ունեմ, գնում եմ այնտեղ աշխատելու: Իհարկե, գնալ-գալով է լինելու, բայց ժամանակի մեծ մասը անցկացնելու եմ այնտեղ... Դեռ գաղտնիք է, եթե ամեն ինչ հստակեցվի, առաջինը խոսք եմ տալիս ձեզ ասել»,- վերոնշյալ թերթին հայտնել էր դերասանը:
Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, դերասան, հաղորդավարն այդպես էլ ոչ մի հստակ պաշտոն կամ դիրք չի զբաղեցնում Արցախում: Ասում են, որ Հրանտ Թոխատյանն ինքը պետք է որևէ նախագիծ առաջարկեր, թե ինչ կարող է անել Արցախում և ինչ թիմով: Սակայն, ըստ մեր արցախյան աղբյուրների, մինչև հիմա հստակ ոչինչ չկա: