Հիշեք, թե քանի անգամ եք բողոքել ճակատագրից և ձեզ հանգամանքներիի զոհ համարել: Բայց երբևէ մտածե՞լ եք արդյոք, որ դրանում ձեր մեղքն էլ կա: Շատ կանայք չեն էլ պատկերացնում, թե կյանքի որակի վրա ինչ ազդեցություն ունեն հոգեբանական սովորությունները: Եկեք խոսենք դրանցից ամենատարածվածների մասին:
1. Բոլորին դուր գալու ձգտում
Բոլորին դուր գալու ցանկությունը հաճախ հանգեցնում է նրան, որ մեր սեփական ցանկությունները հետին պլան են մղվում: Չէ որ անհնար է բոլորին հարմարվել՝ առանց ինչ-որ բանից զրկվելու: Այդպիսի ցանկությունը կապված է ցածր ինքնագնահատականի հետ: Այդ սովորությունը շատ է խանգարում կյանքում, քանի որ դուք կախված եք լինում շրջապատողների կարծիքից և վախենում եք նրանց հիասթափեցնել: Առաջին հերթին պետք է դուր գաք ինքներդ ձեզ, իսկ հետո ձեր սիրելի մարդուն:
2. Ինքներդ ձեզ խղճալու սովորություն
Խղճալով ինքներդ ձեզ՝ երբեք չեք լուծի խնդիրները: Ձեր դժբախտությունների համար մեղադրելով ամուսնուն, ղեկավարությանը, երկրին, ճակատագրին և այլ հանգամանքների, ավելի շատ կխրվեք անհաջողությունների ճահճում: Ինչքան էլ որ իրավիճակը դժվար լինի, սովորեք դրան կողքից նայել և վերլուծել: Ինքներդ ձեզ հարց տվեք. "Ի՞նչ կարելի է անել նման հանգամանքներում: Ի՞նչ է կախված ինձնից: Ի՞նչ դրական բան կա այս իրավիճակում": Դա այնքան էլ հեշտ չէ, բայց այդպիսի մոտեցումը մտքերը դեպի ճիշտ հունն են ուղղում և առաջ շարժվելու ուժ են տալիս:
3. Ինքներդ ձեզ ուրիշների հետ համեմատելու սովորություն
Եվս մեկ վատ սովորություն, որը շատ տհաճություններ է պատճառում: Համեմատվելով մեզնից ավելի լավ ինչ-որ մեկի հետ, մենք վշտանում ենք, իսկ մտածելով ավելի վատ մարդկանց մասին՝ ինքնահաստատվում ենք: Այդ անպետք համեմատությունները շատ ուժ և էներգիա են խլում և ոչ մի օգտակար բան չեն տալիս: Այս վատ սովորությունից ազատվելու համար ինքնազարգացման օրագիր պահեք, որտեղ գրառեք սեփական հաջողությունները, անձնական լավ հատկություններն ու որակները և ձեռքբերումները:
4. Մտքում խնդիրներն անընդհատ "պտտելու" սովորություն
Մտքում անընդհատ նույն բանը մտածելը շատ կանանց է հատուկ: Դա այն երևույթն է, երբ փորձում ենք մտովի փոխել արդեն իսկ տեղի ունեցած խնդրահարույց իրավիճակը, անընդհատ դիտարկում ենք այն տարբեր կողմերից: Անկասկած դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի, այլ միայն կսպառի մեր էներգիան: Այդ սովորությունից կօգնի ազատվել հոգեհարազատ մարդու հետ այդ մասին մանրամասն զրուցելը, կամ էլ ակտիվ ֆիզիկական վարժություններով և աշխատանքով զբաղվելը:
5. Ուրիշներին քննադատելու սովորություն
Այս սովորությունը նույնպես հազվագյուտ երևույթ չէ կանանց մոտ: Մենք սիրում ենք ընկերուհիների հետ խոսել այլ ընկերուհիների մասին, կոլեգաների հետ՝ ղեկավարության մասին, ամուսնու հետ քննարկել հարևաններին և այլն: Հետևում ենք հայտնի մարդկանց և շոուբիզնեսի աստղերի բուռն կյանքին: Ինչո՞ւ ենք դա անում: Սեփական կարևորությունը ուրիշների հաշվին բարձրացնելու ձգտման պատճառով: Երբեմն թվում է, որ ուրիշների ֆոնին մենք ավելի բարձր բարոյական հատկություններ ունենք և մեզ ավելի խելամիտ ենք պահում: Բայց դա ընդամենը Խաբկանք է: Ուրիշներին քննադատելու սովորությունը խոսում է մարդու հոգեբանորեն ոչ հասուն լինելու և այն մասին, որ նա այլ բան չունի անելու: Իր գործերով զբաղված մարդը ուրիշների մասին խոսելու ժամանակ չունի: Նրա կյանքը ինքնին լի է ու հետաքրքիր, հետևաբար լրացուցիչ խթաններ անհրաժեշտ չեն:
Եթե ունեք այս սովորությունները՝ չի նշանակում, որ անհույս եք: Դա խոսում է այն մասին, որ ունակ եք տեսնելու ձեր թերությունները և պատրաստ եք դրանք շտկել: Հաջողություն ենք ցանկանում ինքնակատարելագործման ձեր ճանապարհին:
ԲԱՐՈՄԵՏՐ