Ունկնդիրների ամբոխը, որ հավաքվել էր Հոշիմինում, Վիետնամի ամենախոշոր քաղաքում` դիտելու “Կոնգ. գանգի կղզի” կինոնկարի պրեմիերան, խուճապահար փախան այն բանից հետո, երբ հայտնի գորիլայի հսկա մոդելը սկսեց այրվել:
Հրդեհի բռնկման պատճառ հանդիսացան առևտրային կենտրոնի կողքին կառուցված արհեստական հրաբխից ժայթքող կրակը և կայծերը, ինչը զվարճալի ծրագրի մաս էր կազմում: Հինգմետրանոց կապիկը, որը գովազդում էր ֆրանշիզայի վերարտադրումը, այրվեց ընդամենը հինգ րոպեում, հաղորդում է News.Sky կայքը:
Ինչպես հետևում է հաղորդագրությունից, սկզբում հանդիսատեսները հրդեհի բռնկումը համարեցին շոուի մի մաս: Երբ հասկանալի դարձավ, որ դա իսկական հրդեհ է, մարդիկ սկսեցին փախչել: Պատահարը տեղի էր ունեցել հինգշաբթի օրը, մարտի 9-ին ժամը 19-ին: Այդ պահին կինոթատրոնի մուտքի առջև տեղադրված բեմի վրա պարողները ցույց էին տալիս իրենց արվեստը փոքրիկ խարույկի շուրջ:
Հրշեջներից պահանջվեց մոտ 15 րոպե, որպեսզի հանգցնեն կրակը: Դեպքից հետո պրեմիերային հրավիրված հյուրերը վերջապես դիտեցին կինոնկարը: Ցուցադրմանը ներկա էին ամերիկյան դիվանագետներ և վիետնամցի պաշտոնական անձեր: Նրանց հետաքրքրությունը կինոնկարի հանդեպ պայմանավորված էր այն հանգամանքով, որ նկարահանումները կատարվել էին Հանոյում և Վիետնամի հեռավոր այլ շրջաններում: