Գեր մարդկանց ուղեղը տարբերվում է նորմալ քաշ ունեցող մարդու ուղեղից: Ինչպես պարզել են Մոնաշեցի համալսարանի ավստրալիացի գիտնականները` գեր մարդու ուղեղը միտված է ճարպոտ սնունդի հայթայթմանը: Գիտնականները հետազոտել են ուղեղի և մարմնի այլ մասերի միջև հաղորդակցման փոխանցման համակարգը` ճարպակալության նյարդաբանական պատճառները հայտնաբերելու հույսով, գրում է չինական Xinhua թերթը:

Ուղեղը միանշանակ կարգավորում է ախորժակը և մարդու սննդային վարքը: Կան նաև մի շարք գենետիկական մուտացիաներ, որոնք բարձրացնում են ճարպակալման ռիսկը: Այդ մուտացիաների առյուծի բաժինը կենտրոնացված է գլխուղեղում: Վերջին հետազոտությունների ընթացքում գիտնականները կենտրոնացան գլխուղեղի այն բջիջների հետազոտության վրա, որոնք որոշում են սովածությունը: Պարզվեց, որ այդ բջիջների վրա նույնպես ազդում է մոտիվացիան և պարգևատրման զգացումը:

Հետազոտությունները ցույց տվեցին, ոչ ճարպակալման դեպքում ուղեղը մարմնին չի ուղարկում ազդանշաններ, որոնք հաղորդում են բավարար չափով կուտակված էներգիայի մասին: Այսինքն` երբ մարդ քաղցած է, ուղեղը սնունդ ընդունելու ազդանշան է ուղարկում` հատկապես էներգետիկ տեսակետից հարուստ սնունդի կարիքի մասին (մեծ քանակությամբ շաքար, ճարպեր և այլն): Սակայն գեր մարդկանց մոտ տվյալ համակարգը սխալ է աշխատում:

Հիմքեր կան ենթադրելու, որ խնդիրը առաջանում է մանկահասակ տարիքում (երբ ուղեղային ուղիները նոր են ձևավորվում, իսկ երեխային լավ վարքի համար պարգևատրում են քաղցրավենիքով): Հենց այդ ժամանակ է ծնվում կայուն կապ լավ վիճակի և քաղցրեղենի միջև:

Հնարավոր է, որ որոշակի պայմաններում գլխուղեղի նկարագրված բջիջները չեն ստանում, կամ չեն ընկալում այն ազդանշանները, որոնք ազդարարում են հագեցման մասին: Այդ իսկ պատճառով նրանք շարունակում են սովի մասին ազդանշաններ ուղարկել, և մարդը շարունակում է ուտել: