Քվեարկության խմբի մասնագետները, որոնք պատասխանատու են «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ լավագույն կինոնկարի հայտարարման սխալի համար, այլեւս չեն աշխատի մրցանակի համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Կինեմատոգրաֆիական արվեստների եւ գիտությունների ակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեքսը:
Ըստ որում PwC հաշվեստուգիչ ընկերության հետ, որն արդեն շատ տասնամյակներ կատարում է ձայների հաշվում եւ պատասխանատու է մրցանակների ճիշտ բաշխման համար, համագործակցության շարունակման հարցը «քննարկվում է», նշել է Շերիլ Բուն Այզեքսը, որի խոսքը փոխանցել է Associated Press-ը:
Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ի կինոակադեմիայի «Օսկար» պարգեւի հանձնման 89-րդ արարողությունն սկանդալային ավարտ է ունեցել, երբ սխալմամբ հաղթող է հայտարարվել «Լա Լա Լենդ» մյուզիքլը: Սոսկ այն բանից հետո, երբ նկարահանող խումբը բեմ է դուրս եկել եւ սկսել շնորհակալական խոսքը, կազմակերպիչների ներկայացուցիչը դուրս է եկել բեմ եւ ասել, թե «լավագույն ֆիլմը «Լուսնի լույսը» կինոնկարն է: «Սա կատակ չէ, «Լուսնի լույսը» շահել է «Լավագույն կինոնկար» պարգեւը»,- ասել է մրցանակի ներկայացուցիչը:
Մի քանի րոպե բեմում շփոթահար վիճակ էր, եւ չէին հասկանում, թե ինչ է տեղի ունենում եւ կատակ չէ արդյոք տեղի ունեցածը:
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում գլխավոր պարգեւը հայտարարած Ուորեն Բիթին սխալ ծրար է ստացել, ուստիեւ հայտնել է ոչ այն հաղթողին, դերասանն ինքն այսպես է պարզաբանել տեղի ունեցած թյուրիմացությունն արարողության եթերում:
«Ես բացեցի ծրարը. այնտեղ գրված էր Էմմա Սթոուն «Լա Լա Լենդ»,- ասել է Բիթին՝ բացատրելով, որ հենց այդ պատճառով է ինքը ձգձգել հաղթողին հայտարարելը: Բացելով ծրարը՝ դերասանն անմիջապես չի հայտարարել կինոնկարի անունը, բայց լսարանին դա թվացել է որպես ժամանակի դիտավորյալ ձգձգում եւ անվանակարգորդների «նյարդերի հետ խաղ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: