Life.panorama.am-ը գրում է. Վաղուց արդեն ոչ մեկի համար նորություն չէ, որ թուրքերն ու ադրբեջանցիները հայկական մշակույթի շատ տարրեր եւ հատկապես հայկական էթնիկ երգերը վերագրում են իրենց ու պարբերաբար հանդես են գալիս ճղճիմ մեկնաբանություններով: Այս անգամ թիրախը երգչուհի Գաբի Գալոյանի մեկնաբանմամբ «Սարի աղջիկ» երգն է դարձել: Երգչուհու յութուբյան պաշտոնական ալիքում ադրբեջանցիները «հարձակում» են գործել՝ հանդես գալով հայտարարություններով, թե այս երգը պատկանում է իրենց ազգային երգադարանին:

 

Թեմայի շրջանակում կայքը զրուցել է Գաբիի հետ: Մեզ հետ զրույցում երգչուհին նշեց, որ որեւէ կերպ չի անդրադառնում ադրբեջանցիների մեկնաբանություններին, բայց նաեւ հայտնեց՝ զարմացած է.

 

«Թեեւ իմ կատարմամբ «Սարի աղջիկ» երգի տեսահոլովակը միայն անցյալ տարի ներկայացրեցի, սակայն իմ կատարմամբ այդ երգը համացանցում էր դեռեւս 2013-ից, ու ինձ համար մի փոքր տարօրինակ է, որ տեսահոլովակից հետո նոր սկսվեց քննարկումների այդ հիստերիան: Ինչեւէ, պետք է ասեմ, որ ես ու իմ պրոդյուսերությամբ զբաղվող ընկերությունը' «Գլոբալ արտ»-ը, ոչինչ չենք պատրաստվում անել, նորմալ ենք համարում, սա նրանց ձեռագիրն է, մենք չենք հավասարվի նրանց՝ մնալով մեր բարձրունքին: Թող անընդհատ իրենք իրենց համար գոչեն ու մեր մշակույթի տարբեր տարրեր իրենցը համարեն, միեւնույն է, մենք հո գիտենք, թե ինչն է մեզ պատկանում, մենք ոչ մեկին ոչինչ չունենք ապացուցելու, անգամ իրենց մեկնաբանությունները չենք ջնջել իմ էջից: Այն, որ միայն հիմա ադրբեջանցիները որոշեցին այս երգի վերաբերյալ խոսել, կարծում եմ պատճառն է այն բանի, որ 2016-ի ապրիլին մենք ունեցանք ցավոտ օրեր, խոսքը՝ ապրիլյան պատերազմի մասին է»,- նշեց երգչուհին:

 

Առավել մանրամասն' սկզբնաղբյուր կայքում: