Հունվարի 22-ին, դերասանուհի Անուշկա Մարգարյանը նշում էր ծննդյան 28-ամյակը, իսկ այսօր Life.panorama.am-ին պատմել է ծննդյան անակնկալների եւ ամենամեծ ցանկության մասին:
«Սովորաբար ծննդյանս օրը մեկնարկում է կեսգիշերից, բայց այս անգամ կեսգիշերյան շնորհավորանքներն ավելի պակաս էին, քանի որ հարսանիքի էի հրավիրված ու ընկերներս էլ գիտեին այդ մասին: Սակայն տուն վերադառնալուն պես մայրս հոգ էր տարել իմ ուրախության համար` տորթ, շամպայն ու ծննդյան գեղեցիկ շնորհավորանք, ինչից շատ ուրախացա: Դե իսկ երեկ ողջ օրը չդադարեցին հեռախոսազանգերն ու շնորհավորանքները, շատ հաճելի անակնկալներ ունեցա, ընկերներիցս մեկն անգամ ռադիոյով էր ինձ շնորհավորել, ինչը եւս շատ ուրախալի էր ինձ համար: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հիշեցին ու շնորհավորեցին ինձ: Երեկ մեծ խնջույք չի եղել, աղջկական հավաքույթ էի կազմակերպել, որի ընթացքում պարզապես ուրախացանք ու վայելեցինք օրը: Ի դեպ` ընկերներս իմ ձեռքբերումների շարքում են, առանց նրանց հաստատ չէի կարողանա ինձ լիարժեք զգալ»,- մեզ հետ զրույցում պատմեց 28-ամյա դերասանուհին:
Հարցին, թե ինչ է ի՞նքն իրեն մաղթում, Անուշկան ժպիտով նշեց.
«Իհարկե, տոնական տորթի մոմերը փչելիս մտապահեցի երազանք, որի մասին չեմ բարձրաձայնի, քանի որ հավատում եմ, որ երազանքներիդ մասին պետք է պատմես միայն Արարչին ու նա էլ որոշի, թե որը կատարի: Ինչ վերաբերում է ցանկություններիս, ուզում եմ, որ մի քիչ բախտ ունենամ: Ինձ մոտ ամեն բան մեծ դժվարությամբ է իրականանում, անգամ մանր բաների հասնելու համար մեծ էներգիա պետք է ծախսեմ: Չեմ ասի, թե շատ անհաջողակ եմ, բայց հաստատ հաջողակ մարդ էլ չեմ: Դրա համար ինքս ինձ շատ կոնկրետ մաղթանք ունեմ»:
Դերասանուհին իր ամենամեծ ձեռքբերումը մարդկային աճն է համարում, բայց չի բավարարվում այնքանով, ինչ ունի.
«Տարիներ առաջ ես Կապանում թողեցի ամեն ինչ ու եկա Երեւան, քանի որ շատ էի ուզում բարձրագույն կրթություն ստանալ: Իհարկե, դեռ այն ժամանակվանից ցանկություն ունեի դերասանուհի դառնալու, բայց ծնողներս թույլ չտվեցին ընդունվել Թատերական ինստիտուտ: Տարիների ընթացքում շատ պատահական հայտնվեցի այս ոլորտում ու հասկացա, որ մարդ ամեն ինչի կարող է հասնել, միայն թե շատ ցանկանա: Հիմա ինքս ինձնով ուրախ եմ, որ հասել եմ այս կետին, ձեռքբերում եմ համարում, որ հոգեպես մեծ աճ եմ գրանցել, միաժամանակ հասկանում եմ նաեւ, որ այս ամենը դեռ շատ քիչ է ու ես առաջ պետք է շարժվեմ: Այնպես որ ինքս ինձ բարեմաղթանքներ հղելիս նաեւ այս առումով եմ հաջողություն մաղթում»,- հավելեց դերասանուհին:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: