«2015թ․ սկսած՝ դիմահարդարման թրենդ են համարվում բնականությունը, պարզությունն ու մի փոքր անփութությունը: Եվ ոչ միայն դիմահարդարման, այլ նաև վարսահարդարման և հագուստի նորաձևության շրջանակներում:


Կարևոր է համարվում դիմահարդարման միջոցով ընդգծել մաշկի խնամված և առողջ լինելը»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց հայտնի դիմահարդար Ագա Քանքանյանը և թվեց 5 հակաթրենդ, որոնք արդեն հնացել են: 


1. Հոնքեր

2015 թ-ից հոնքերի ձևավորումը փոխվեց դեպի բնականը: Եթե նախկինում հոնքերը ընդգծվում էին մատիտով և ստանում էին խիտ, ուղիղ ձև, ապա այժմ հարդարումը իրականացվում է ստվերաներկով, քիչ կտրտելով, որն ավելի եթերային տեսք է հաղորդում:

2. Ստվերաներկ

Օգտագործվում են միայն բնական գույներ: Այս տարի հակաթրենդային է համարվում գծային կոնտրաստը, նույնիսկ smoky eyes–ի դեպքում՝ առանց եզրագծերի:

3. Մաշկ

Եթե առաջ նորաձև էր դիմափոշիով հարդարած արհեստական անփայլ մաշկը, ապա այժմ բացառապես ընդունված է խոնավ, առողջ և փայլուն մաշկի էֆեկտը:

4. Contouring

Contouring-ը օգտագործվում էր դեմքի օվալը ավելի իդեալականին մոտ դարձնելու համար: Այսօր highlighter-ի և բաց գույների միջոցով միայն ընդգծվում է բնական գեղեցկությունը:

5. Շրթունքներ

Այս տարի շատ նորաձև է փայլուն շրթներկը: Եթե կերպարը երեկոյան չէ և չի պարտադրում որոշակի շեշտադրումներ, ապա ցանկացած մյուս դեպքերում թրենդային է փայլուն, խոնավ շրթներկը:

«Իհարկե, միշտ ցանկալի է հետևել թրենդներին և լինել ոճային, սակայն պետք է նաև հաշվի առնել հաճախորդների անհատականությունը, ցանկություններն ու նախասիրությունները»,- եզրափակեց Ագան: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի