Սիրված երգչուհի Անի Քրիստին կրկին Երևանում է, իսկ պատճառները մի քանիսն են՝ «Ամենակարող երգիչ» նախագծի կիսաեզրափակչի և եզրափակչի նկարահանումները, Ավետիս Բերբերյանի 50 ամյակի հոբելյանական երեկոն, իսկ այցի վերջում Կամի ակումբում կկայանա Անիի ակումբային համերգը և 2014 թվականին ԱՄՆ-ում կայացած մենահամերգի DVD-ի շնորհանդեսը:   


«Հանրային հեռուստաընկերության» հրավերով Անի Քրիստին սկեց վարել «Ամենակարող երգիչ» նախագիծը, հեռուստատեսության հրավերով էլ նա կրկին հայրենիքում է. «Նախագիծը ինձ հնարավորություն տվեց իմ ընկերներին և կոլեգաներին տեսնելու, նամանավանդ երբ հասկացա, որ երաժշտական է, էլ ավելի մեծացավ ոգևորվածությունս, որովհետև ես մասնագիտությամբ երգչուհի եմ»,- BlogNews.am-ի հետ զրույցում ասաց Անին։

 

Երգչուհու խոսքով՝ հաղորդավարուհու աշխատանքում դրական էմոցիաներն այնքան շատ էին, որ բարդությունների մասին մոռացել է. «Ես միշտ գնահատել եմ իմ կոլեգա հաղորդավար-հաղորդավարուհիների աշխատանքը, և այս ընթացքում ինձ համար ավելի հստակ դարձավ, թե նրանք տարիներ շարունակ ինչու են այսքան գնահատված և սիրված: Մի քանի տարի առաջ Էմմի հետ հաղորդում էինք վարում, ԱՄՆ-ում էլ կային հաղորդումներ, որոնք ես էի վարում, բայց «Ամենակարող երգիչ» նախագիծը իր մասշտաբով և տեսակով ինձ համար առաջինն է»:   

 

Նախագծում Անիի կոլեգան դերասան, հումորիստ Աշոտ Ղազարյանն է, ումից Անին շատ բան է սովորել. «Աշոտն ինձ ասում է՝ Կրիստալնի Քրիստի, ես նրան շատ եմ սիրում, քանի որ նա իմ հայրիկի տարիքին է: Հայրս էլ է այդպես հումորով և աշխույժ, նա էլ է դերասան: Երբ Աշոտին նայում եմ, ասում եմ՝ կարծես երկրորդ հայրս լինի: Նա շատ պատասխանատվությամբ է մոտենում իր աշխատանքին, իսկ ես իմ տեսակով ավելի թռուցիկ եմ: Աշոտի պրոֆեսիոնալիզմը ինձ շատ օգնեց, որպեսզի ես էլ ինձ հավաքեմ»:

 

 

Երևանյան այցի ժամանակ Անին մի քանի բան է համատեղելու, դրանցից մեկն էլ կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանի 50 ամյակի հոբելյանական երեկոն է. «Ես նրա հետ հնարավորություն ունեցա աշխատելու Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբում որպես սոպրանո: Ասեմ, որ առաջին հայ երգչուհին էի, և առաջին հայ կոմպոզիտորն էր, որը ելույթ ունեցավ «Paramount pictures » թատրոնում: Ես ներկայացրի նրա ստեղծագործություններից, որոնք մեծ արձագանք ստացան: Դեկտեմբերի 17-ին նրա 50 ամյակի հոբելյանական երեկոն է, որին հրավիրել է նաև ինձ»:  

 

Անիի այցը կամփոփվի «Կամի» ակումբում կայանալիք ակումբային համերգով. «Վերջին անգամ, երբ ես Երևանում էի, «Կամի» ակումբի կազմակերպիչներն ինձ առաջարկեցին համերգային երեկո կազմակերպել: Քանի որ ես ավելի շատ սիրում եմ ամանորյա տոները, որոշվեց դեկտեմբերի 18-ին անել երեկոն: Ես ունեմ մենահամերգ, որը 2014 թվականին կայացավ Լոս Անջելեսում, մենք հիմա ենք DVD-ն թողարկում: Այսինքն՝ ակումբում միայն համերգ չի լինելու, այլ կլինի նաև DVD-ի շնորհանդեսը»:

 

 

Չնայած երգչուհին նոր տեսահոլովակներ և աշխատանքներ չի ներկայացնում, բայց շարունակում է մնալ հանրության ուշադրության կետնրոնում: Երգչուհին այս ամենը բացատրում է այսպես. «Ես կարծում եմ՝ դա ճիշտ հիմքեր դնելուց է: Ինձ թող ներեն բոլոր այն մարդիկ, ովքեր վերջերս են հայտնվել հայկական շոու բիզնեսում, բայց այն, ինչ կատարվում է վերջին ժամանակաշրջանում հայկական իրականության մեջ, ծիծաղել է: Իմ կարծիքով՝ նրանք շատ վատ ժամանակաշրջանում են և կարծես հայտնի լինելու քաղցն են բավարարում, դե իսկ աստղային հիվանդությունը ես շատերի մոտ եմ տեսնում: Դա երևում է նրանց հարցազրույցներից, ժեստերից, կուլիսներում նրանց պահվածքից: Ես ինձ համարում եմ այն երջանիկներից և հաջողակներից  մեկը, ով ունեցել է  հնարավորություն աշխատելու կայացած երաժիշտների հետ: «Գրդոնը» հիմա, որը շատ  տարածված է, կայացած արվեստագետներին կարող է ավելի ցավ պատճառել»:

 

 

Օրերս ԱՄՆ-ում կայացած «Pan Armenian Entertainment Awards» մրցանակաբաշխությանը երգչուհին հյուր էր և մրցանակ հանձնեց Ռազմիկ Ամյանին, ում «Չունի աշխարհը քեզ նման» երգը «Տարվա լավագույն հիթ» ճանաչվեց. «Երբ խոսում էի Ռազմիկի հետ, նա ինձ ասաց՝ գիտե՞ս, այս երգը գրելիս ոգեշնչվել եմ քո «Իմ լռություն» երգից: Այնքան ուրախացա, փշաքաղվեցի: Ուրախ եմ, որ մրցանակ հանձնեցի այնպիսի մարդու, ով իրոք արժանի էր: Ես ուզում եմ միշտ այսպիսի մրցանականեր տալ նրանց, ովքեր իսկապես արժանի են»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի