Մոսկվացի չորսամյա Բելա Դեւյատկինան Facebook-ի աստղ է դարձել այն բանից հետո, երբ սոցցանցում մի դրվագ է հրապարակվել «Ռոսիա-1» հեռուստաալիքով նրա մասնակցությամբ ցուցադրված «Զարմանալի մարդիկ» շոուից:
Հոլովակը, որտեղ աղջնակը ազատորեն խոսում է վեց լեզվով, երկու օրում ավելի քան 7 մլն դիտում է հավաքել: Բելան նախ խոսել է անգլերեն, հետո՝ գերմաներեն, իսպաներեն, ֆրանսերեն, չինարեն ու արաբերեն: Ընդ որում՝ արաբ աղջիկը նրան մի շարք հարցեր է տվել աստղագիտությունից:
Մեկնաբանություններում ցանցի օգտատերերը նշել են, որ տեսանյութի դիտումից հետո իրենց բութ արարածներ են զգացել:
Աղջկա մայրը պատմել է, որ ծնվելուց հետո նրա հետ մի քանի օտարախոս դայակներ են զբաղվել: Նրանք ոչ միայն օգնում են իրենց սանուհուն յուրացնել տարբեր բառեր ու արտահայտություններ, այլեւ նրա հետ քննարկում են բնագիտություն եւ այլ թեմաներ՝ մանկական հանրագիտարաններից: Բելան նաեւ անգլերեն է ուսանում իր մոր հետ: