Ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը դատական հայց է ներկայացրել Mediatakeout.com կայքի դեմ՝ տեղեկություններ տարածելու համար, թե իբր իրապատում շոուների աստղը ստել է, որ Փարիզում իրեն թալանել են՝ տանելով իր թանկարժեք զարդերը, հայտնում է Agence France-Presse գործակալությունը:
Նյու Յորքում ներկայացված հայցում 35-ամյա աստղը նշել է, որ «Ֆրանսիայում սարսափելի և ցավալի զինված կողոպուտի զոհ դառնալուց հետո նա վերադարձել է Միացյալ Նահանգներ, որտեղ ևս մի անգամ զոհ է դարձել բամբասանքների տաբլոիդի կողմից, որը հրապարակել է մի շարք հոդվածներ՝ նրան սուտասան և գող անվանելով»:

 

Հոդվածները «պնդում էին, առանց որևէ փաստացի ապացույցի, թե Քարդաշյանը կեղծել է կողոպուտի մասին տեղեկությունը, ստել է սարսափելի հարձակման մասին և այնուհետ կեղծ պահանջ է ներկայացրել իր ապահովագրական ընկերությանը», նշվում է հայցում:

 

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանին թալանել էին հոկտեմբերի 3-ին, Փարիզի հյուրանոցներից մեկում: Զինված տղամարդիկ տարել էին նրա մոտ 4 միլիոն եվրո արժողությամբ մատանին և մոտ 5 միլիոն եվրո արժողությամբ զարդերով տուփը: