Blognews.am-ը գրում է.

 

ՌԴ ՔԿ-ի պետ Միխայիլ Մաքսիմենկոյի դեմ հակափաստարկներ ձեռք բերելու նպատակով ՌԴ Անվտանգության ծառայության աշխատակիցները գաղտնալսող սարք տեղադրեցին ինքնաեռի մեջ, իսկ հետո նվիրեցին նրան: Սարքից ստացված ինֆորմացիան հիմք դարձավ  ՔԿ-ի երեք աշխատակիցների նկատմամբ քրեական գործ հարուցելու համար՝ քրեական հեղինակություն Զախար Քալաշովից կաշառք վերցնելու մեղադրանքով: Life.ruպարբերականը ներկայացնում է տարբեր ժամանակների հատուկ ծառայությունների կողմից օգտագործված ևս 6 խորամանկ լրտես սարքեր, որոնք քողարկված են եղել ամենասովորական առարկաների մեջ: 

 

 

«Գաղտնալսող վարդակ»

2013թ․ հուլիսին Էկվադորի լոնդոնյան դեսպանատանը, որտեղ թաքնվում էր  WikiLeaks  կայքի հիմնադիր Յուլիան Ասանժը, լրտեսական մի աղմկոտ սկանդալ բռնկվեց: Ձայնագրիչը տեղակայված էր շենքի ներսի պատերից մեկի վրա ամրացված էլեկտրական վարդակի մեջ: Միջադեպի մասին Կիտոյում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց Էկվադորի ԱԳՆ Ռիկարդո Պատինոն, ում խոսքերով՝ գաղտնալսող սարքը հայտնաբերվել էր հուլիսի կեսերին, երբ մասնագետները հոսանքագծերի պլանային ստուգում էին անցկացնում:

«Էլեկտրական կամիկաձեն»

2012թ. Իրանում՝ ուրանի հարստացման գործարանից ոչ հեռու հայտնաբերվել է քարի մեջ քողարկված մի գաղտնալսող սարք, որն ինքնաոչնչացվում է, երբ նրան մոտենում կամ ձեռք են տալիս: Ինչպես հետո պարզվեց, սարքը տեղեկություններ էր գրանցում ատոմային օբյեկտների մասին և փոխանցում էր այդ ինֆորմացիան արբանյակի միջոցով: Իրանն այս սարքի տեղադրման հեղինակ առ այսօր համարում է Իսրայելին: 

«Քար-լրտես»

 2006թ. ՌԴ ԱԾ հայտարարեց «քար-լրտեսի» մասին, որը օգտագործվել է Մոսկվայում գտնվող բրիտանական ՄԻ-6  գործակալների հետ կապի մեջ մտնելու նպատակով: 40սմ տրամագծով քարը ծառայում էր որպես գործակալի ու հետախույզի միջև ինֆորմացիայի փոխանակող: Ինֆորմացիան փոխանցելու համար ընդամենը պետք է քարին 20-25 մետր մոտենալ: Տվյալների փոխանցման գործընթացն ընդամենը 2 վայրկյան էր պահանջում: Քանի որ տվյալները փոխանցվում էին ոչ հեռու տարածությունից, այլ այն սարքերի կողմից«գողանալն» ուղղակի անհնար էր: Քարի հայտնաբերումը հաջողվեց միայն բրիտանական դիվանագետների երթուղիներին տևական ժամանակ հետևելուց հետո:

«Խորամանկ կոճղը»

 

70-ականների սկզբներին ամերիկյան լրտեսներն ինֆորմացիայի ձեռքբերման նպատակով օգտագործում էին կոճղի ներսում գաղտնալսող սարքի հնարքը: Կոճղը լրտեսները տեղադրել էին անտառի այն մասում, որից քիչ հեռու սովետական ռազմաբազան էր գտնվում: Սարքը պետք է գրանցեր ու ամերիկյան վերգետնյա արբանյակներին փոխանցեր ռադարների ու հրթիռային կայանների ազդանշանները: Կոճղը սովորական աչքի համար ոչնչով չէր առանձնանում, և նրա մեջ լրտեսական սարքի առկայության մասին կասկածելն անհնար էր: Այնուամենայնիվ, կարճ ժամանակ անց Խորհրդային ԱԱԾ աշխատակիցներին հաջողվեց հայտաբերել այն:

«Գաղտնատպող պատճենահանողը»

70-ականների կեսերին Սան-Ֆրանցիսկոյում գտնվող ԽՍՀՄ գլխավոր հյուպատոսարանը«Toshiba» ապրանքանիշի պատճենահանող սարք ձեռք բերեց: Կարճ ժամանակ անց խորհրդային դիվանագետներին պատեցին կասկածները: Նրանք նոր սարք գնեցին, իսկ հինը ուսումնասիրելու համար ուղարկեցին Մոսկվա: Պարզվեց, որ սարքի ներսում կա ինֆորմացիա գրանցող հարմարանք, որը «մտապահում» էր ցանկացած պատճենահանված փաստաթղթի առաջին էջը, իսկ հետո այդ ինֆորմացիան ռադիոալիքի միջոցով փոխանցում էր հարևանությամբ գտնվող տանը տեղակայված լրտեսական ընդունիչին:  

«Արծվի սուր լսողությունը»

1953թ․ ամերիկացիները ԱՄՆ փայտյա զինանշանի մեջ հայտանբերեցին գաղտնալսող սարք, որը ԱՄՆ դեսպան Ավերել Հարիմանը նվեր էր ստացել 1945թ. Յալթայի համաժողովի ժամանակ: Հուշանվերը ամերիկյան դիվանագետին «Արտեկ» ճամբարում մի  պիոներական էր նվիրել: Հարիմանն այնքան էր հավանել նվերը, որ այն կախել է իր աշխատասենյակում: