Մոտ 2 տարվա դադարից հետո դերասանուհի Մարիամ Մելիքյանը կվերադառնա հեռուստաեթեր։ BlogNews-ի հետ զրույցում Մարիամը նշեց, որ համագործակցելու է «ՊանԱրմենիան Մեդիա գրուպի» նոր նախագծերից մեկի հետ, սական առայժմ չի ցանկանում բացահայտել՝ խոսքը որ նախագծի մասին է։
«Շատ եմ կարոտել նկարահանման պրոցեսը, ուղղակի կյանքումս այնքան կարևոր փուլ էր, ամեն ինչ այնքան բուռն էր, որ մի պահ կտրվել էի այդ ամենից։ Սակայն շատ եմ սիրում իմ աշխատանքն ու շատ էի ուզում վերադառնալ։ Այս ընթացքում ստանում էի առաջարկներ, ուղղակի դեռ չէի ուզում աշխատել։ Արդեն պատրաստ էի վերադառնալ աշխատանքի, երբ առաջարկ ստացա ՊԱՄԳ-ից։ Մի քանի նոր նախագիծ կա, հիմա քննարկումների փուլում ենք»,- ասաց դերասանուհին ու հավելեց, որ կաշխատի այնպիսի նախագծերում, որտեղ մեծ զբաղվածություն չի ունենա, որպեսզի դստերը շատ չկարոտի․ «Ես ինձ հիմա չեմ էլ պատկերացնում սերիալում կամ նման պրոյեկտում, իսկ սիթքոմների զբաղվածությունը քիչ է»։
Մարիամի խոսքով՝ երեխայի խնամքի հարցում իրեն շատ է օգնում մայրը, դիմում է նաև դայակի օգնությանը։ Ըստ դերասանուհու՝ ամեն բան անում է փոքրիկի հետ հետաքրքիր ժամանց կազմակերպելու համար։ «Ճիշտ է, դեռ շատ բան չի հասկանում, բայց ամեն մանրուքից ուրախանում է։ Փորձում եմ ամեն բան անել, որպեսզի իր մանկությունն ավելի գունավոր դարձնեմ, օրն ուրախությամբ լցնեմ։ Ժամանակս անընդհատ իրեն եմ տրամադրում. կա՛մ զբոսնում ենք, կա՛մ խաղում, կա՛մ մուլտեր նայում։ Բալիկս շատ հետաքրքրասեր է, և իր հետ հեշտ է կազմակերպել ժամանցը։ Աղջիկս շատ հանգիստ է, չի եղել, որ ես անքուն գիշերներ ունենամ իր անհանգիստ լինելու պատճառով»,- նշեց դերասանուհին։
Մարիամը նշեց, որ այժմ մայրիկի տանն է ապրում, քանի որ իրեն օգնություն է պետք։ «Որքան էլ կարողանում եմ խնամել բալիկիս, պետք է որևէ մեկը լինի, ով կօգնի ինձ, առավել ևս հիմա, երբ ատամիկներ է հանում և մի քիչ անհանգիստ է։ Այժմ կշարունակեմ ապրել մայրիկիս տանը, հետագայում կտեղափոխվենք։ Հիմա տուն ենք փնտրում, որպեսզի ամուսինս գնի մեզ համար։ Ընթացքում նաև Թուրքիա կգնանք-կգանք, որովհետև այնտեղ էլ տուն ունենք»,- ասաց նա ու հավելեց, որ ամուսինը Հայաստանում մշտական չի լինում։ «Հիմա էստեղ չէ, մի քանի օրից կգա։ Շատ հաճախ է գնում-գալիս։ Երբ նկարահանումները դադարեն, ես էլ կգնամ-կգամ, սակայն ես միանշանակ ուզում եմ ապրել Երևանում։ Բնականաբար բարդ է, որ ամուսինս միշտ կողքիս չէ, սակայն եթե որոշել ենք մեր կյանքը կապել իրար հետ, պետք է համակերպվենք։ Չեմ ուզում նա իր այսքան տարվա աշխատանքն ու ձեռքբերումները ջուրը գցի, չնայած ինքը պատրաստ է ամեն ինչ թողնել ու գալ Հայաստան»։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի