Հայկական երաժշտական ասպարեզում ստեղծվել է մի իրավիճակ, երբ առավել ակտիվ են շոուբիզնեսյան երգիչները, ովքեր իրենց կատարումներով այդքան էլ աչքի չեն ընկնում բարձրաճաշակությամբ: Իսկ երաժիշտների մի ստվար զանգված, որ չեն դավաճանում իրենց ես-ին և չեն ուզում իրենց արվեստը համաձայնեցնել շուկայի պահանջարկի հետ, մղվել են երկրորդ պլան, հազվադեպ են հայտնվում եթերում կամ մամուլի ուշադրության կենտրոնում: Այս կատեգորիային պատկանողներից մեկը ջազ կատարող Զառա Մարկոսյանն է, ում հանրության լայն զանգված չի ճանաչում, բայց նա կա և երգում է ավելի նեղ միջավայրում:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Զառան պատմեց, որ Հայաստանում ջազ լսողների թիվը շատ չէ, բայց արդեն կամաց-կամաց մեծանում է, ինչն, իհարկե, երգչուհին ողջունելի է համարում.
«Շատ ուրախ մի հանգամանք է ջազ սիրահարների համար, քանի որ մենք արդեն մենակ չենք: Ցավոք սրտի, շատ տարածված չէ, բայց նկատելի է, որ երիտասարդ երաժիշտների լսարանը ևս շատ արագ կերպով մեծանում է, ողջունելի է, նշանակում է, որ Հայաստանում ջազն ունի ապագա»,- ասում է Զառան:
Խոսելով իր մասին՝ երգչուհին պատմեց, որ ինքը սովորել է Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայի ջազ վոկալ ֆակուլտետում, բայց նաև սիրում է երգել soul, jazz-rock, funk, pop ժանրերում:
«Սիրում եմ այդ ժանրերը, բայց, չգիտեմ ինչու, ամեն ինչի մեջ հայտնվում է ջազի երանգ, երևի դրա համար էլ ավելի շատ ինձ համարում եմ ջազ-երգչուհի»:
Անդրադառնալով երաժշտական ասպարեզում իր հետագա անելիքներին՝ Զառա Մարկոսյանը պատմեց, որ ինքն ունի իր բենդը, պրոֆեսիոնալ երաժիշտներից հավաքված խումբ, որոնց հետ աշխատում է ակումբային կյանքում, շատ է սիրում Էլվինա Մակարյանի երգարվեստը և շատ հաճախ յուրովի կատարում է սիրված երգչուհու արդեն սիրված երգերը.
«Ոչ թե կրկնօրինակում եմ նրան, այլ ես իր երաժշտությունն այլ կերպ եմ վերապրում, որն ինձ շատ հոգեհարազատ է»:
Մեր հարցին, թե արդյոք դժվար չէ՞ երգել մի այնպիսի երգչուհու երգեր, ով ունի իր յուրօրինակ ոճը և կոնկրետ լսարանը, որը գուցե մերժի այլ կատարում, չէ՞ որ, այսպես ասած, Էլվինան ուրիշ է.
«Դժվար կլիներ, եթե կրկնօրինակեի: Իմ ինտերպրետացիայով եմ ներկայացնում նրա երգերը, այնպես, ինչպես ես եմ զգացել, հետևաբար դա իմ էմոցիան է: Կրկնօրինակել պետք չէ որևէ օրիգինալի, որովհետև միևունյն է դու չես լինի ավելի լավը, քան օրիգինալը, այն էլ Էլվինա Մակարյանի պարագայում: Ես նախընտրում եմ լավ երաժշտություն, ինչի համար երջանիկ եմ, որ իմ մեջ զարգացել է նմանատիպ երաժշտական ճաշակ»,-ասաց Զառան:
Երգչուհին պատմեց նաև, որ մոտ ապագայում բազմաթիվ ծրագրեր ունի' կապված նոր երգերի ձայնագրմամբ, որոնցից մի քանիսը լինելու են հեղինակային:
«Ես ուզում եմ՝ մարդիկ լավ երաժտություն լսեն, դա ոչ միայն մարդու ականջն է շոյում, այլ նաև մարդուն որակ ու մակարդակ է տալիս: Ես չեմ առանձնացնում կոնկրետ ժանր և չեմ քննադատում այլոց, սակայն մեր հասարակության մեծ մասը պարզապես վատ երաժշտություն է լսում: Չեմ ուզում ինչ-որ անձի մասին խոսել կամ գնահատականներ տալ, բայց ես նկատում եմ, որ երաժշտական շուկան աղավաղված է: Ես չեմ ուզում այլևայլ ճանապարհներով հասնել բարձր ճանաչելիության, բայց կուզեմ լինել սպասված ու սիրված, ուզում եմ, որպես երգչուհի այս կյանքում տեղ գրավել, ուզում եմ այս ոլորտում կարևոր մարդ լինել, ուզում եմ պետքական լինել, ոչ թե կոմերցիոն, ժամանակավոր հռչակ ունենալ, ես ուզում եմ հարուստ երաժշտության մեջ լինել, որ ինձ երաժշտությունից հասկացող մարդիկ լսեն, գնահատեն»,- ասաց Զառա Մարկոսյանը:
Նելլի Ավետիսյան