Դուդուկ, շվի, թառ, ուդ, դհոլ: Ահա այս երաժշտական գործիքների միացությունն է, որ ամբողջացրել է իր մեջ «Ծիրանի» անսամբլը:


Օրերս Նարեկացի Արվեստի Միությունում՝ լեփ-լեցուն դահլիճում կայացավ անսամբլի համերգը: Համերգի սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին այս օրերին հակառակորդի կողմից սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով զոհված հայորդիների հիշատակը:


Խմբի գեղարվեստական ղեկավար Արտակ Ասատրյանն իր խոսքում նկատեց, որ պետք է յուրաքանչյուրս թեկուզ ավելի «քիչ քնենք», բայց ներդրում ունենանք, ինչ-որ կերպ օգտակար լինենք մեր երկրին:
Այնուհետև ավելի քան մեկ ժամ տևած համերգին հնչեցին Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Նաղաշ Հովնաթանի, Ավետիք Իսահակյանի ստեղծագործություններից:
Համերգի ավարտին հանդիսականները մեծ ոգևորությամբ հոտնկայս ծափահարեցին երաժիշտներին ու երգիչներին:


Անսամբլի կազմում են Արտակ Ասատրյանը (սոլո դուդուկ), ով նաև անսամբլի գեղարվեստական ղեկավարն է, Գեորգի Մինասյանը (դուդուկ, շվի), Դավիթ Ավագյանը (թառ), Մարիամ Միրզոյանը (ուդ), Գոռ Ղալմուխյանը (հարվածային), Սեյրան Ավագյանը (երգիչ), Էկա Հորստկան (երգչուհի):
Բոլոր կատարումների մշակումները և գործիքավորումները՝ Գրիգոր Առաքելյանի:


Հանդիսատեսի շարքերում էին ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը, վաստակաշատ կինոօպերատոր Լևոն Աթոյանցը և մշակութային շատ այլ հայտնի գործիչներ: Աթոյանցը նշեց, որ ավելի հաճախ է պետք կազմակերպել նման համերգներ: Կար հայի տրամադրություն և ոգի: Համերգին ներկա գտնվող մեկ այլ հանդիսատես նկատեց, որ համերգը պրոֆեսիոնալ էր, շատ գեղեցիկ ու ամենակարևորը՝ Կոմիտասը Կոմիտաս էր, Սայաթ-Նովան՝ Սայաթ-Նովա: