Կաննի 69-րդ միջազգային փառատոնի կազմակերպիչները ներկայացրել են այն պաշտոնական ազդագիրը, որն այս տարի կուղեկցի հեղինակավոր ստուգատեսին: Ընտրությունն արվել է հօգուտ Ժան Լյուկ Գոդարի «Արհամարհանք» ֆիլմից վերցված կադրի:

 

«Արհամարհանք» դրաման նկարահանվել է 1963 թվականին իտալացի գրող Ալբերտո Մորավիայի համանուն վեպի մոտիվներով:

 

Կաննի փառատոնի պլակատի վրա այս տարի որոշվել է զետեղել գլխավոր հերոսին, որին մարմնավորում է Պիկոլին: Նա ուղղաձիգ աստիճանով բարձրանում է ժայռի կատարը, որի երկու կողմերում տարածվում է Միջերկրական ծովը: Պատկերում իշխողը վառ դեղին երանգներն են: «Դա խորհրդանշական ընտրություն է՝ հաշվի առնելով, թե այս ֆիլմը, որը շատերի կողմից ամենագեղեցիկներից մեկն է համարվում, որքան նշանակալի Է կինեմատոգրաֆի պատմության մեջ»,- իրենց ընտրությունը պարզաբանել են կինոֆորումի կազմակերպիչները:

 

Կաննի կինոփառատոնն այս տարի տեղի կունենա մայիսի 11-ից մինչեւ 22-ը: Ավելի վաղ հայտարարվել է, որ նրա ժյուրին այս անգամ կգլխավորի ավստրալացի ռեժիսոր Ջորջ Միլերը, որն ամենից առաջ հայտնի է որպես «Խելագար Մաքսը» ֆանտաստիկ կվադրոլոգիայով: Կինոփառատոնի բացման եւ փակման արարողությունը վարելու է թատրոնի եւ կինոյի ֆրանսիացի հայտնի դերասան Լորան Լաֆիտը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: