Ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քլոե Քարդաշյանն իր պաշտոնական հավելվածում խորհուրդ է տվել երկրպագուներին ընթերցել Անահիտ Մակքինի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Հարյուր տարվա զբոսանք» գիրքը: Այս մասին տեղեկացնում է US Magazine-ը:
«Սա պատերազմից հայ մարդու փախուստի պատմությունն է: Այն գրել է Ստեփան Միսկիջյանի թոռնուհին՝ ուղղորդվելով նրա ամսագրերով»,-գրել է Քլոեն:
Հետաքննական լրագրող Մակքինը գրքում պատմում է Հայոց ցեղասպանության ժամանակ իր պապի սարսափեցնող պայքարի մասին՝ բռնի տեղահանումից մինչև սիրիական անապատ:
2015 թվականի ապրիլին Քիմ և Քլոե Քարդաշյաններն այցելել էին Հայաստան: Ծիծեռնակաբերդում Ցեղասպանության հուշահամալիր այցելությունից հետո Քլոեն գրառում էր թողել «Ինստագրամ»-ում, որում ասվում էր. «Ես և իմ քույրը փորձում ենք բոլորի ուշադրությունը հրավիրել ոչ միայն Հայոց Ցեղասպանության, այլև ընդհանրապես ցեղասպանություն երևույթի վրա։
Գիտելիքը ուժ է։ Երբ մենք, տեղեկացված ենք ինչ-որ բանի մասին, ապա կարող ենք ավելի ճիշտ քայլեր կատարել։ Ցեղասպանությունը, կոտորածները, զանգվածային մարդասպանությունը դատապարտելի և գարշելի արարքներ են։ Մի ամբողջ ազգ կամ ռասա բնաջնջելը Աստծո կամքը չէ։ Պատմական ճշմարտացի իրադարձությունների մասին մարդկանց պատմելն ու սովորեցնելը մեր պարտքն է։ Մեր պարտքն է նաև չլռել և բարձրացնել, երբ ինչ-որ մի ազգ կամ ռասա տառապում է։ Լռությունը ուժ է տալիս չարագործներին և ոչնչով չի օգնում խոշտանգումների ենթարկվածներին»: