Իսպանիայի Բարսելոն քաղաքի դատարանը նշանավոր օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեին վեց ամսվա բանտարկության Է դատապարտել կեղծարարության համար: Նա, ամենայն հավանականությամբ, պատիժը կկրի պայմանականորեն:
Երգչուհի ընդունել Է իր մեղքը: Վատառողջ լինելու պատճառով նա նիստերի դահլիճում անձամբ ներկա չի եղել, իսկ ցուցմունքները տվել Է տեսակապով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ABC թերթին: Բացի այդ, 82-ամյա Կաբալյեն պետք Է տուգանք վճարի 254 հազար 231 եվրոյի չափով: Երգչուհին նաեւ չի կարողանա պետական օգնություն ստանալ մեկուկես տարվա ընթացքում եւ պետք Է եւս 72 հազար եվրո մուծի որպես ժամկետանց վճարումների տոկոսներ:
Երգչուհուն մեղադրում են որպես ֆիզիկական անձ 2010 թվականին իսպանական գանձարանին հարկերը չվճարելու մեջ: Կաբալյեն ձեւականորեն համարվում Է Անդորայի բնակիչ, ինչը եւ նրան թույլ Է տվել հարկեր չվճարել Իսպանիայում: Սակայն դատախազությունը հաստատել Է, որ երգչուհին իր իբր Անդորայում «բնակվելն» օգտագործել Է միակ նպատակով՝ խուսափել հարկեր վճարելուց, թեեւ ինքը մշտապես բնակվել Է Բարսելոնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: