Ադելը թողարկել է երգ, որը վերջին շաբաթվա ընթացքում մի շարք ռեկորդներ է սահմանել, ինչպես նաև առանձնացել բրիտանական հիթ շքերթում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով apelzin.ru-ն, «Hello»-ն բրիտանուհու երկրորդ սինգլն է, որը նվաճում է հիթ շքերթի առաջին տեղը:
Մինչ այդ նույն արդյունքն էր ապահովել Ադելի «Someone Like You» երգը: «Hello» երգը 7.32 միլիոն ռեկորդային լսումներ է գրանցել սթրիմինգային ծառայություններում՝ գրեթե կրկնակի գերազանցելով Ջասթին Բիբերի ռեկորդը (3.87 միլիոն լսում մեկ շաբաթում): «Hello»-ն նաև դարձել է այս տարի առաջին շաբաթվա ընթացքում ամենաշատ վաճառված երգը՝ գերազանցելով Էլի Հոուլդինգին՝ «Love Me Like You Do» երգով:
Ընդհանուր առմամբ' «Hello»-ն 333 հազար միավոր է հավաքել, դառնալով վերջին երեք տարվա ընթացքում առաջին շաբաթում ամենաշատ վաճառված երգը (վերջին անգամ՝ 2012 թ. դեկտեմբերին, այդքան մեծ հաջողությամբ վաճառվել էր Ջեյմս Արթուրի « Impossible» սինգլը):
««Hello» սինգլի այս շաբաթվա հաջողությունն ապացուցում է Ադելի յուրօրինակությունը. նա այն երգչուհիներից է, որոնց լսում են և’ փոքրիկ երեխաները, և’ դեռահասները, և’ մայրերն ու հայրերը, և’ հորեղբայրներն ու մորաքույրերը, և’ տատիկներն ու պապիկները: Նա իսկապես երգչուհի է բոլոր սերունդների համար»,- ասել է The Official Charts Company ընկերության գործադիր տնօրեն Մարտին Թալբոթը: