Օրերս «Հայ ֆեստ» ամենամյա թատերական փառատոնի շրջանակներում ցուցադրվեց Սամսոն Մովսեսյանի «Վհուկը» ներկայացումը: Տպավորիչ ու խորհրդավոր ներկայացումից հանդիսատեսը հիացած էր: ԼՈՒՐԵՐ.com-ը ներկայացման մասին և նաև այլ թեմաներով զրուցեց ներկայացման ռեժիսորի հետ:
- Ինչպե՞ս որոշեց հենց այս պիեսը բեմադրել, ո՞րն է ներկայացման գլխավոր թեման և ո՞րն է գլխավոր հաղորդագրությունը, որը փոխանցում է ներկայացումը:
- Գոգոլի բոլոր գործերում կա երևակայության հետ շատ մեծ խաղի հնարավորություն, ինչպես դերասանների, այնպես էլ հանդիսատեսի համար: «Վհուկը» գործում դա հատկապես ընդգծված է, բացի դրանից, ես մի քանի տարի առաջ անդրադարձա Գոգոլի՝ ավելի ուշ շրջանի գործերից մեկին՝ «Քիթը» պատմվածքին, և հիմա ցանկություն կար ծանոթանալու Գոգոլի՝ ավելի վաղ շրջանի ստեղծագործություններին: Այդ ամենն էլ մի կողմ. թեման, որը բարձրացվում է ստեղծագործության մեջ, շատ հետաքրքիր է, և շատ քիչ գործեր կան, որոնցում գլխավոր թեման հենց վախն է: Վախը, որ թաքնված է մարդու հոգու մութ անկյուններում ու դևի նման սպասում է, թե երբ իրեն կկանչեն: Կան վախի տարբեր տեսակներ, ու բնական է դրանց առկայությունը մարդու մոտ, բայց սխալ է դրանց գերին դառնալը և կույրի պես դրանց հետևելը: Գործն ինչ-որ տեղ սարսափ ժանրում է, իհարկե, լցված Գոգլին հատուկ հումորով, հետաքրքիր էր նաև այս ժանրը տեսնել բեմում:
Ներկայացման դերասանները Տիկնիկային թատրոնի դերասաններն են, իսկ բեմանկարիչը՝ Անժելա Գալստյանը:
Ներկայացման ընթացքում բեմն անընդհատ փոփոխվում է, փոխվում են կերպարները, հանդիսատեսը կարծես ներկա է դառնում մարդու մոտ վախի մետամորֆոզների, և այս ամենն իրականացվում է ինչպես դերասանների խաղի, այնպես էլ ժամանակակից տեխնիկական միջոցների օգնությամբ:
- Ի՞նչն է ստիպում Սամսոն Մովսեսյանին ինտենսիվ աշխատել և ստեղծագործել:
- Աշխատանքս սիրելը: Երևի այն երջանիկ մարդկանցից եմ, որ սովորել եմ ու աշխատում եմ այն մասնագիտությամբ, որն ընտրել եմ ու շատ եմ սիրում:
- Ի՞նչ պլաններ կան առաջիկայի համար:
- Հիմա զուգահեռ աշխատում եմ մի քանի գործի վրա: Առաջիկայում կլինի «Հրաշագործը»՝ «Պատանի հանդիսատեսի» թատրոնում, իսկ «Տիկնիկային» թատրոնում «Մատնաչափիկը»՝ ստվերային ներկայացում և էլի մի քանի նախագիծ: Ավելացնեմ, որ զուգահեռ աշխատելը ինձ չի խանգարում, ընդհակառակը՝ օգնում է: